VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետեւ պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին եւս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում` հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները: Արցախի իշխանական հատվածը, սակայն, «ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդեց, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց` նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ընթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով: Ի դեպ, նույն օրերին Վաշինգտոնում կազմակերպված «Առաջնորդների ֆորումին» մասնակցել էր նաեւ վրացական պատվիրակությունը` Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Արչիլ Տալակվաձեի գլխավորությամբ: Ասենք, որ Վրաստանի ԱԺ նախագահը, ի տարբերություն Արարատ Միրզոյանի «բուռն եւ երկարատեւ» 9 հոգով (ներառյալ պետաիրավականի ներկայացուցիչ Աննա Կարապետյան)` 12-օրյա այցի, ընդամենը հինգ օրով է մեկնել` երկու-երեք պատգամավորների ուղեկցությամբ։ Ընդ որում, ինչպես միշտ, նրանց շատ ավելի լավ են ընդունել եւ բարձր մակարդակի հանդիպումներ ապահովել, քան Արարատ Միրզոյանին։ Հիշեցնենք` նման պատմություն եղավ ժամանակներ առաջ. Վրաստանի վարչապետին Բրյուսելում՝ Եվրոպայի սրտում, անչափ ջերմ էին ընդունել, քան «իր հեղափոխության» մասին եվրոպացիներին պատմող Նիկոլ Փաշինյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա։ Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է։ Այդ փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ չպիտի ունենա, կամ ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով պետք է կրճատվեն, իսկ մյուս աշխատողների հետ քաղիրավական պայմանագրեր կկնքվեն, եւ քաղծառայողի մասին օրենքով նրանք պաշտպանված չեն լինի։ Մենք տեղեկացանք, որ մինչ Միրզոյանը կվերադառնա, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի դռան մոտ հերթեր են գոյանում, մարդիկ «բոնբոներկաներով» շտապում են ղեկավարության մոտ՝ պարզելու՝ իրենք մնալո՞ւ են, թե՞ ոչ։ Ոմանք հույս ունեն, որ կհաջողվի լեզու գտնել նրա հետ, Մինասյանն էլ կբարեխոսի Միրզոյանին։ Մինասյանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավի կազմակերպիչն է»:
«Իրատես» թերթը գրում է. «ՍԴ նախագահի փոփոխության հարցը դարձել է այս իշխանության գերխնդիրը։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է 2019-ին «համապատասխան» ՍԴ ունենալու եւ հեռահար հարցեր լուծելու համար։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը ջանք չի խնայելու ՍԴ-ի շուրջ զարգացումները ցանկալի ավարտին հասցնելու ուղղությամբ։ Հրայր Թովմասյանն էլ, ասում են, նահանջելու ցանկություն չունի։ Փաշինյանը, սակայն, չի ընկրկում, ՍԴ-ն էլ իր ցանկալի դասավորությունը պիտի ունենա՝ անկախ հանգամանքից, թե դա քանի օրենք ու քանի սահմանադրական խախտում կարժենա։ Այս համատեքստում բավական ուշագրավ էր նաեւ երեկ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, թե դատաիրավական ոլորտում ՀՀ իշխանությունների պլաններն իրագործելու համար իրենք պատրաստ են եւ՛ ֆինանսական, եւ՛ խորհրդատվական աջակցություն տրամադրելու։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի առաջ ԵՄ-ը կանաչ լույս է վառում` ՍԴ-ի շուրջ «պլանները» կյանքի կոչելու նպատակով»:
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջեւան է գնացել: «Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները: «Ծնունդը նշել են հենց Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլեւ մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները եւ այլք: Ըստ երեւույթին՝ այս օրերի թիվ մեկ թեմայի՝ անտառահատման մասին զրույց-խորհրդակցություն են անցկացրել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տարբեր միջոցներով ուղերձներ է հղում գործարարներին, որպեսզի նրանք գումարներ փոխանցեն «Իմ քայլը» հիմնադրամին: Գործարարների մի մասը բողոքում է, որ եթե իրենք նախկինում իշխանությունների պահանջով գումար էին փոխանցում այս կամ այն հաշվեհամարին, դրա փոխարեն հարկային արտոնություններ էին ստանում, ինչը հիմա չկա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «5-րդ ալիքն օրերս «նավասելյե» կանի, այն արդեն տեղափոխվել է նոր հասցե` «Էրեբունի պլազա»։ Տեղափոխվե՞լ եք արդեն՝ հարցրինք ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանին։ «Այո, արդեն տեղափոխվել ենք, սակայն նոր եթերաշրջանի բացումը տեղի կունենա սեպտեմբերին, կարծում եմ՝ բավականին հետաքրքիր շարքեր կանենք` բազմաժանր հաղորդումներով»: Քաղաքական հաղորդումների մասի՞ն է խոսքը։ «Բոլոր շերտերի մտածող մարդկանց համար հաղորդումների»: Բա ձեզ որտեղի՞ց գումար, որ կարողացել եք նման ստուդիա ունենալ։ «Եթե անկեղծ, ապա տաղավարները շատ չեն, ու եթե ավելի անկեղծ` ստանդարտ պայմանները, որպես այդպիսին, ավելի վատն են, քան նախկին` Մելիք-Ադամյանի ստուդիայում էին։ Նորն ավելի մոդեռն է` քչով շատ արդյունք ապահովելու սկզբունքով ենք առաջնորդվել»: Բա եթե Մելիք-Ադամյանում ավելի հարմար էր, ինչո՞ւ եք գնում․ ՀՀԿ-ի հետ են ձեզ ասոցացնում, դա՞ է պատճառը։ «Ոչ, իհարկե, այնտեղ բոլորով լցված էինք իրար գլխի, էստեղ սենյակները շատ են, տաղավարներն այլ են»: Բոլոր դեպքերում, ձեր անունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Բոլոր դեպքերում, կան նաեւ հեռուստատեսություններ, որոնց անունն էլ կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ. չեք կարող, չէ՞, որեւէ մեկին համոզել, որ «Ազատություն» ՌԿ-ն Նիկոլ Փաշինյանինը չէ, որ Հ1-ը բացառապես իրենց չի ծառայում։ Հետո՞ ինչ, որ «Հայկական ժամանակը» գրում է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընդդիմադիր լրատվամիջոցին հարցազրույց է տվել։ «Արմնյուզն» ընդդիմադի՞ր է։ Ում ինչ հարմար է, դա է ասում, ու եթե մենք «Քոչարյանի հեռուստատեսությունն» ենք, շատ լավ, մենք դրանից չենք ամաչում՝ անկախ որեւէ մեկի կարծիքից, մենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքն ենք կատարում»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում գերատեսչություններում տրվող պարգեւավճարների մասին, որոնք պետական ապարատի աշխատակիցների շրջանում կուլիսային դժգոհությունների պատճառ են դարձել: Բանն այն է, որ գերատեսչություններում պարգեւավճարները տրամադրվում են անհասկանալի սկզբունքով՝ ըստ «շեֆերի» նախասիրության եւ անհատական մոտեցման: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, առ այսօր չկա չափման հստակ մեխանիզմ, թե որ աշխատակցին ինչ չափի պարգեւավճար է հասնում, որին չի հասնում: Նախարարները, որ պես կանոն, դրանք տրամադրում են աշխատակազմերի ղեկավարների հետ քննարկման արդյունքում, ինչը շատ աշխատակիցներ ուղղակի սուբյեկտիվ են գնահատում: Ըստ էության, չի օգնում նաեւ փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Ի դեպ, օրերս տեղեկություններ էինք ստացել, որ կառավարությունը հրաժարվել է այդ համակարգից: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ «Mulberry» համակարգը գործում է, դրա աշխատանքի հետ կապված որեւէ խնդիր չի էլ եղել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, եւ պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին այսպես. «Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեեւ ծրագրերի ժամկետները մինչեւ մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք»: Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի` նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել էր ներկայացնել Հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ագրո» ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել եւ փակվել: Ընկերության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե երբ կստանան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։ Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որեւէ երկրում նման փորձ՝ հարցրինք ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ես չեմ հանդիպել նման փորձի։ Ելնելով փոխքաղաքապետի հայտնածից` տեղյակ եմ, որ կա նախագիծ` աղբի այլընտրանքային գանձմանն առնչվող, ինչը կարող է լինել ներկրված ապրանքների մաքսազերծման ժամանակ․ դետալներին դեռ չեմ տիրապետում»: Ե՞րբ կդրվի քննարկման նախագիծը։ «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետեւ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»: Եթե նման բան լինի, ձեր մոտեցումն ինչպիսի՞ն կլինի։ «Կարծում եմ` դա կբերի շղթայական թանկացումների. ուսումնասիրությունների տեղ կա»: Իսկ ներկրողները կհամաձայնե՞ն դրա հետ, թե՞ կփակեն Իջեւանի ճանապարհը՝ ապարանքներն այդպես են գալիս։ «Չեմ բացառում։ Դա ենթադրում է ապրանքների թանկացում։ Գործարարներ կան, որ մեծ ծավալով են ներկրումներ կատարում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, եւ ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից: Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Մեր տեղեկություններով` առաջիկայում կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանից: Լուրեր են պտտվում նաեւ, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, եւ ըստ այդմ, հաջորդ ազատման դիմումը կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է: ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն` Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից, քանի որ համակարգ է մտել նրա օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Մանուկ Միքայելյանից. նա հորդորեց դիմել լրատվական ծառայություն` միեւնույն ժամանակ հայտնելով. «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել՝ հայտնվելով գետի մակերեսին ու ափերին։ Ըստ տարբեր տեղեկությունների, սա պայմանավորված է գետի մերձակայքում գտնվող ոսկու հանքի արտանետումների հետ, սակայն տեսակետ կա, որ գետի ձուկը թունավորվել է որսագողերի կողմից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, դեպքի հետ կապված՝ վերջին երկու օրերին լուրջ ստուգումներ ու խստացված հերթապահություն են իրականացնում իրավապահները, մասնավորաբար՝ ԱԱԾ աշխատակիցները՝ իրավիճակը վերահսկելու ու պատճառները ամբողջությամբ բացահայտելու համար։ Այս օրերին գետի ողջ երկայնքով բավականին խիստ հսկողական աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացառվի ձկնագողության յուրաքանչյուր դեպք։ Ըստ տեղում պտտվող լուրերի, կան նաեւ բերման ենթարկվածներ։ Ի դեպ, կատարվածը հաստատել է ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նա նշել է, որ ՍԱՏՄ տեսուչը գետում հայտնաբերված ձկներից նմուշառում է կատարել, որոնք կներկայացվեն փորձաքննության: Հարությունյանը նաեւ նշել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն արդեն շաբաթվա վերջում»: