Կենսաթոշակը կբարձրանա 10%-ով, բարձարացումը տեղի կունենա 2020 թ-ի սկզբին. Փաշինյան
2020 թվականի հունվարի մեկից շուրջ 560.000 մարդու կենսաթոշակը կբարձրանա 10%-ով: Նման որոշում ընդունել է ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, որի մասին տեղեկատվություն է հրապարակել Facebook-յան իր էջում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: «Նախօրեին կառավարությունը դռնփակ նիստում հաստատել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», - տեղեկացրել է վարչապետը:
«Կարող ենք մի քանի արձանագրում անել, որ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:
Նաեւ գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Նաեւ որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարևտավորություններն այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագրի մանրամասները հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն:
Փաշինյանը հիշեցրեց, որ զինվորականների աշխատավարձերը հունիսից արդեն բարձրացել են եւ արդեն ստանում են իրենց աշխատավարձերը: