Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:
Այն կապահովագրի բիզնեսին հակամենաշնորհային օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։
Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․
- սահմանել հակամենաշնորհային կոմպլեանսի (hակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը,
- սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝
1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․
2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․
4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․
5) հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ:
սահմանել, որ հակամենաշնորհային կոմպլեանսն արդյունավետ ներդրած կազմակերպության նկատմամբ կնվազեցվեն իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Կից ներկայացվում է նախագիծը, որը հասանելի է հետևյալ հղումով: