Մեծ Բրիտանիայում բացահայտել են աշխատանքային ստրկության ամենամասշտաբային դեպքը
Մեծ Բրիտանիայում տարբեր ժամկետներով ազատազրկման են դատպարտել Լեհաստանի քաղաքացի 5 տղամարդկանց եւ 3 կանանց մարդկանց առեւտրի եւ փողերի լվացման համար, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով բրիտանական դատախազության կայքին:
Մեղադրյալներն իրենց հայրենակիցներին Լեհաստանից Բիրմինհեմ են տեղափոխել՝ անվճար բնակարան եւ լավ վարձատրվող աշխատանք խոստանալով: Նրանց թվում հաճախ եղել են անտուններ եւ կախվածություն ունեցող մարդիկ:
Իսկ իրականում նրանց տեղավորել են նեղ տարածքով բնակարանում եւ քիչ սնունդով ապահովել: Նրանց վճարել են շաբաթական ընդամենը 10 ֆունտ սթերլինգ, ստիպել են բանջարեղեն հավաքել, ցանկապատներ կառուցել եւ տեսակավորել ծանրոցները:
Հետաքննությունն անդրադարձել է 88 տուժածի վրա, սակայն արդյունքում բացահայտվել է խաբեության 300 այլ հնարավոր զոհ:
Քննության գնահատականով՝ հանցավոր խումբը ստացել է մոտ 2,46 մլն ֆունտ սթերլինգ, որը պետք է ստանային աշխատակիցները: