Հանրահավաք Երևանում. փոքր ուժերով մեծ աղմուկ ստեղծելու փորձ
Երևանի Ազատության հրապարակում այսօր երեկոյան տեղի ունեցավ «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի հանրահավաքը:
«Նոր Հայաստան» ճակատի կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, «Հիմնադիր խորհրդարանը», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:
Հանրահավաքը բացեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ներկայացնելով դեկտեմբերի 1-ից իրենց հայտարարած բողոքի ակցիաների ծրագիրը՝ Հովհաննիսյանն ասաց, որ հանրահավաքների նպատակն է իշխանափոխություն իրականացնել մինչև դեկտեմբերի 6-ը, երբ նշանակված է սահմանադրական հանրաքվեն, Ազատություն ռադիոկայանը:
«Պատերազմ են հայտարարել սեփական երկրի և քաղաքացիների նկատմամբ, և մենք թույլ չենք տալու, որ իրենք այդ կեղծ հանրաքվեով ամրագրեն իրենց կուսակցապետությունը», - ասաց «Ժառանգության» առաջնորդը: - «Եվ մենք պիտի տեսնենք, որ արդեն կասեցված հանրաքվեն դառնալու է Սերժ Սարգսյանի և իր վարչակարգի հրաժարականը, ապա և նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների ժողովրդական պահանջը»:
Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող մյուս ընդդիմադիր ճակատի՝ Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության, ինչպես նաև «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կազմած «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչը՝ ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Կարապետյանը շտապեց հավաստիացնել, որ ընդդիմադիր երկու ճակատների միջև տարաձայնություններ չկան:
«Քարոզարշավի սկզբից ի վեր իշխանությունները տարածում են մի թեզ, թե իբրև «ոչ»-ի շարժումը պառակտված է և միասնականություն չի լինելու այդ շարժման մեջ: Այս խոսքերում միայն մեկ ճշմարտություն կա, որ «ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան, տարածվել է, և հիմա ողջ հայ ժողովուրդն է «ոչ» ասելու այս իշխանություններին», - հայտարարեց Կարապետյանը․ - «Մեր միասնականությանը՝ Սերժ Սարգսյանին և ռեժիմին «ոչ» ասելու, ոչ մի բան չի խանգարում, և իմ ներկայությունն այստեղ, ուղերձով ձեզ դիմելը դրա վկայությունն է»:
Հանրահավաքում ամփոփիչ ելույթով հանդես եկավ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով հայտարարեց, որ հեղափոխությունը սկսվել է, և անվանական հրապարակ հրավիրեց տարբեր ընդդիմադիր գործիչների՝ հնչեցնելով, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Դեմիրճյանի անունները:
«Այս հրապարակից առաջիկա ժամերին, և եթե պետք լինի՝ առաջիկա օրերին, ոչ ոք չի հեռանալու, միայն ավելանալու ենք», - հայտարարեց Սեֆիլյանը, - «Երկու տարբերակ գոյություն ունի․ մեկը այն, որ պիտի սպասենք մի շաբաթ և գնանք քվեարկության, հետո տեսնենք արդյունքը ինչ է լինելու, հետո կողմնորոշվենք, երկրորդ տարբերակը՝ այս պահին սկսում ենք ռեժիմի հեռացումը: Պա՞րզ է, թե ժողովուրդը ինչ է ուզում: Ընդդիմադիր ուժեր, լսե՞լ եք, թե ժողովուրդը ինչ է ուզում: Բոլորդ եկեք այստեղ, հեղափոխությունը սկսվել է»:
Հանրահավքին մասնակցում էր մոտ երկու հազար մարդ: Սահամանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ռեսուրսները, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ, բավարար չէ գործընթացին արդյունավետ դիմագրավելու համար: "Նրանք այժմ ուղղակի ցանկանում են փոքր ուժերով մեծ աղմուկ ստեղծել", - վերջերս իր ելույթներից մեկում նշել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ, Կոնկորդ կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Հանրահավաքի ավարտին «Նոր Հայաստանը» երթով անցավ Երևանի կենտրոնով և հասավ Մելիք-Ադամյան փողոց, որտեղ գտնվում է իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը: Այստեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, սակայն շենքը շրջափակած ոստիկանները թույլ չտվեցին դա անել, սկսվեց հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև, ապա, Ժիրայր Սեֆիլյանի հորդորով, ցուցարարները մի փոքր նահանջեցին:
Այնուհետև ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ և սկսեցին անժամկետ շուրջօրյա նստացույց՝ իշխանության հրաժարականի պահանջով: