25.11.2024
Արտակարգ դեպք Արարատի մարզում. արհեստանոցներից մեկում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը. նամակ է գրել

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, տեղեկացնում է ՍԴ կայքը։ Որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։


Սահմանադրական դատարանն ավելի վաղ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ Վահե Գրիգորյանը՝ որպես Մարտի 1-ի գործով զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչ, բողոք էր բերել Վերաքննիչ քրեական դատարան, որը բավարարվեց հունիսի 25-ին։


Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի՝ արդեն վարույթ ընդունված դիմումները միավորել է և միավորված գործի դատաքննությունը նշանակել օգոստոսի 29-ին։ Վահե Գրիգորյանը չի մասնակցի նաև այս նիստերին։


Ռոբերտ Քոչարյանը վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ այդ հոդվածը չի կարող տարածվել պաշտոնաթող նախագահի վրա։ Պաշտպանական կողմն այս պնդումը հիմնավորում է նրանով, որ 2008-ին նման հանցակազմով հոդված գոյություն չուներ, և միայն 2009-ի Քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այդ հոդվածը ներառվել օրենքում։


Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ հունիսի 26-ին, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին և Հայաստանի Հանրապետության սահմանադրական մարմիններին՝ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:


Թեեւ նամակը չի հրապարակվում ու հայտնի չէ նրա բովանդակությունը, սակայն համաձայն տարածվող լուրերի, Սահմանադրական դատարանի անդամների շրջանում խուճապի հասնող տրամադրություններ կան. երեկ նրանք աշխատանքային ժամից հետո մնացել են մինչև ուշ երեկո՝ քննարկելու համար վերոնշյալ նամակը: