ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին Հայաստանի վրա:
«Այն ինչ որ կատարվում է Վրաստանում կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից հետո Ադրբեջանը Հայաստանին պատերազմ «կառաջարկի»»,- գրել է նա։
Վրաստանում տեղի ունեցող զարգացումներն ուղիղ կապ ունեն ՀՀ-ի ազգային անվտանգության հետ, քանի որ այդ երկրի տարածքով են անցնում հայկական տնտեսությունը սնուցող կենսական ճանապարհներն ու էներգետիկ-տրանսպորտային լոգիստիկան: ՀՀ-ն ամեն ջանք պետք է գործադրի՝ այդ թվում դիվանագիտական դաշտում, ռուս-վրացական լարվածության հետևանքով չտուժելու համար: Այս պահին ՀՀ-ի համար կարևոր է պահպանել չեզոքությունն ու կողմերին կոչ անել հասնել համաձայնության ու կարգավորել առկա խնդիրները:
Հարավային Կովկասում ՀՀ-ն՝ Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է և թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ կանի, որպեսզի ռուս-վրացական հակամարտությունից վնասներ կրի նաև Երեւանը: ՀՀ-ի հյուսիսային սահմանների մոտ կարող է առաջանալ լարվածության նոր օջախ, եթե Մոսկվան ու Թբիլիսին արագ չկարգավորեն առկա խնդիրները:
Չմոռանանք, որ ԱՄՆ-ն շարունակում է սպառնալ Իրանին ռազմական հարվածով, ինչը նույնպես ուղիղ սպառնալիք է ՀՀ-ի անվտանգությանն ու անգամ տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանին ձեռնտու է Իրանի կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմաններով՝Հյուսիսային Ադրբեջանն՝ Ադրբեջանի Հանրապետությանը միացնելու ու այդ կերպ նաև ՀՀ-ն հարավից շրջափակելու համար:
Եթե ՀՀ-ի կյանքի ճանապարհները դեպի ՌԴ անցում են Վրաստանով, ապա հարավային կյանքի ճանապարհն անցնում է Իրանով ու այդ երկրի ապակայունացումը կհարվածի թե հայկական տնտեսությանն ու նոր հնարավորություններ կստեղծի Բաքվի համար՝ հյուսիսից և հարավից լարվածության օջախներ ունեցող ՀՀ-ի դեմ գործողություններ սկսելու համար:
Բաքվի համար հայ-վրացական և հայ-իրանական սահմանների փակվելը կամ դժվարանցանելի դառնալը կանաչ լույս կարող է վառել Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, քանի որ ՀՀ-ի համար անհրաժեշտ բոլոր հիմնական ապրանքներն ու ռազմամթերքը գալիս են Վրաստանի տարածքով ու մասամբ Իրանով:
ՀՀ-ի ԱԳՆ-ի թիվ մեկ խնդիրը պետք է դառնա ջանքեր գործադրել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ու հակամարտող կողմ չընկալվելու համար, իսկ ԱՄՆ-ի պարագայում հանդես գալ Իրանին աջակցող կոչերով՝այն կոնտեքստում, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով ու Իրանի դեմ պատերազմն աղետալի կլինի Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի համար: