VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը: Թե ինչ համաձայնության են եկել, հայտնի չէ: Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն, ինչպես նաեւ իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում: Նկատենք նաեւ, որ բացի այն, որ Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Բեգլարյանը «Երեւան Ռիո»-ի համասեփականատերերն են, այլ նաեւ խնամիական կապեր ունեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է եւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստան է եկել նեղ անձնական առաքելությամբ. օրերս տեղի կունենա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թոռնիկի` կրտսեր Կարեն Կարապետյանի մկրտությունը։ Սամվել Կարապետյանը Կարապետյանի որդու` Տիգրանի քավորն է: Միջոցառումը լինելու է ընտանեկան, չնայած խնդիրը մեծ նրբություն ունի, որովհետեւ Սամվել Կարապետյանը նաեւ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի քավորն է, այնուհանդերձ, մեր աղբյուրն ասաց` փորձել են նեղ «կռուգով» կատարել մեկամյա Կարենչիկի մկրտությունը: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Կարապետյանը կհանդիպի նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երեւանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի եւ ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաեւ նոր ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին: Թե հատկապես ինչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, Միրզոյանը չի մանրամասնել: Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է, արդեն իսկ տնօրինում է մի ենթակառուցվածք՝ նա բաշխիչ ցանցերի սեփականատերն է: Ընդ որում, Կարապետյանը սեփականատեր դարձավ «Էլեկտրիկ Երեւանի» հայտնի շարժման արդյունքում: Արդյո՞ք Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Սամվել Կարապետյանը կարող է դառնալ նոր ենթակառուցվածքի սեփականատեր: Արարատ Միրզոյանի հայտարարությունը առայժմ կարող է տալ միայն ենթադրությունների տեղիք, քանի դեռ չի եղել պաշտոնական որեւէ կոնկրետ պարզաբանում: Ինչ ոլորտի մասին կարող է լինել խոսքը՝ էներգետիկա, տրանսպորտ: Թերեւս պետք է բացառել գազը: Այստեղ, սակայն, կոնկրետ ոլորտային բաղադրիչի վերաբերյալ դիտարկումները կարող են ունենալ բավականին լայն տատանումներ, քանի դեռ չկան որոշակիության ինդիկատորներ:
Այս փուլում ինքնին հետաքրքիր է խնդրի, այսպես ասած, քաղաքական բաղադրիչը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ դրա մասին բարձրաձայնվում է ոչ թե մամուլի արտահոսքի, այլ Ազգային ժողովի նախագահի մակարդակով: Արարատ Միրզոյանը, անկասկած, պատկերացնում է, թե ինչ խորքային մասշտաբի հարցի մասին է բարձրաձայնում, որովհետեւ ենթակառուցվածքը դա ավելին է, քան զուտ տնտեսությունը: Դա արդեն քաղաքականություն է, ընդ որում՝ մեծ քաղաքականություն: Եվ այստեղ, իհարկե, վերստին առաջանում է հարցը, թե արդյոք Սամվել Կարապետյանը Փաշինյանի մոտ ՌԴ, այսպես ասած, տնտեսական դեսպա՞նն էր, թե՞ Կարապետյանը խաղում է ինքնուրույն կամ որպես հայաստանյան խաղացող: Մյուս կողմից հետաքրքիր է հանգամանքը, թե արդյոք որ կողմից է առաջարկը՝ Հայաստա՞նն է ենթակառուցվածքի առաջարկ անում Կարապետյանին, թե՞ հակառակը՝ Կարապետյանն է Հայաստանի իշխանությանը հայտնում որեւէ ենթակառուցվածքի նկատմամբ իր հետաքրքրությունը: Բոլոր դեպքերում, Հայաստանի վարչապետն ու ամենահարուստ հայը քննարկում են տնտեսա-քաղաքական բավականին հատկանշական եւ առանցքային հարց մի շրջափուլում, որում բավականին խորքային գործընթացներ են տեղի ունենում նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում, եւ ոչ միայն հայ-ռուսական»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շատերի աչքից վրիպեց, որ ՔՊ վարչության կազմում չընդգրկվեց կուսակցության կարկառուն անդամներից մեկը, երբ համագումարից առաջ ՔՊ-ում խոսվում էր, որ նա առաջիններից է լինելու կազմում։ Խոսքը «նյու-Սաշիկի»` «Իմ քայլի» օդիոզ ֆիգուր Հայկ Սարգսյանի մասին է, որը հայտնի է դարձել մի շարք սկանդալային պատմություններով: Պատմեցին, որ համագումարին նախորդած վարչության նիստում Փաշինյանը զայրացած ասել է` «էդ ի՞նչ ձեւ է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան` աչքիս չերեւա», ինչը սիգնալ է հանդիսացել, որ Հայկին ձայն չպետք է տան։ Նաեւ հասկացել են, որ սա դեղին քարտ էր՝ եւս մի կիքս, ու Հայկ Սարգսյանը կարող է լքել իրենց շարքերը: Հիշեցնենք, որ Հայկի երկվորյակ եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մշտապես Փաշինյանի կողքին է եւ իր վարքագծով շատ է տարբերվում եղբորից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Լեւոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Ճիշտ է, նա արտերկրում բարձրագույն կրթություն ստացած ֆինանսիստ է, սակայն նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին է: Նրա բարձրագույն կրթությունն արտերկրում հնարավոր է դարձել հենց այդ կաշառքների շնորհիվ: Գագիկ Մազմանյանը մինչ քրեական գործի հարուցումը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նա ներկայումս անազատության մեջ է: Ըստ դատական ակտի՝ Մազմանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրենը կազմել եւ Կենտրոնի հարկային է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց, կատարել է հանցավոր արարքներ՝ ստացել է ինչպես խոշոր, այնպես էլ առանձնապես խոշոր չափերով կաշառք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջին իսկ ընձեռված առիթով «վրեժ լուծեց» թիմակիցներից՝ իրեն վարչության կազմից դուրս մղելու համար։ Նա երեկ ԱԺ չէր եկել, չնայած բոլորին զգուշացրել էին պարտադիր ներկայանալ եւ կյանքի ու մահվան գնով անցկացնել ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին։ «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր չմասնակցեցին քվեարկությանը․ Սասուն Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը եւ աշխարհի ըմբշամարտի չեմպիոն, գյումրեցի Արսեն Ջուլֆալակյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հատկանշական է, որ Մուսայանը ոլորտի հին ներկայացուցիչ է, կադաստրի պետական կոմիտեում աշխատում է 20 տարուց ավելի: Կադաստրի պետական կոմիտեում խոսում են, որ այս ազատումն էլ տեղավորվում է ՀՀ-ում իշխանափոխությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունների «տրամաբանության մեջ», ըստ որի, իշխանությունները զբաղված են յուրահատուկ «չիստկայով» ու աստիճանաբար ազատվում են «նախկին կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներից, անկախ նրանից, թե որքան փորձառու կամ պրոֆեսիոնալ են այդ անձինք: Կարեւորը նրանց փոխարեն հնարավոր լինի տեղավորել բացարձակ յուրայինների»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթինգի նախագիծ մշակել` ներգրավելով նաեւ տարբեր փորձագետների: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց նախագիծը գրեթե պատրաստ է եւ առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Հանձնաժողովի «Իմ քայլ»-ական անդամներից շատերը երեկվա դրությամբ դեռեւս տեղյակ չէին` վեթինգի նախագիծը պատրաստ է, թե ոչ, սակայն, մեր տեղեկություններով, կառավարությունը նպատակ ունի մինչեւ հուլիս ներկայացնել նախագիծը, որն արդեն մինչ հուլիսի 10-15-ը կընդունվի առաջին ընթերցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեթինգի ենթարկող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը հիմա վերակազմավորման փուլում է: Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների վկայությամբ` մինչեւ դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել: Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթինգի ենթարկեն դատավորներին եւ ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում է վերջապես Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը: Ըստ մեր աղբյուրների, ներկա փուլում քննարկվում է վերստին նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու տարբերակը, որի շուրջ դեռեւս վերջնական կոնսենսուս չկա, սակայն իշխանությունների ուժային բլոկը կողմնակից է հենց այս մոտեցմանը: Թերթին բավականին ուշագրավ մի թեմա է հայտնի դարձել, որի համաձայն, ներկայումս ներքին կարգով ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը: Այն առանձնապես շատ կողմնակիցներ չունի, բայց գաղափարը որոշ շրջանակների կողմից առաջարկվում է: Ավելին, իշխանական պատգամավորներից ոմանք արդեն իսկ շատ քողարկված ու նուրբ ձեւով «նետում» են այդ թեզը՝ օրինակ բերելով ԱՄՆ-ին, որը չունի բարձրագույն դատարան»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձեւավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, եւ դրանք հավաքվելու են մի տեղում եւ մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, եւ միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին: Իրավապահ համակարգում նաեւ լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին եւ չդառնա նոր մարմնի ղեկավարը: ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձեւավորվել՝ ունենալով 3 կարեւոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակ Զեյնալյանի հրաժարականը, պարզվում է, «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի` կապված Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ու նրան պատկանող «Կոնցեռն դիալոգ» ընկերության հետ, որը 3 ամիս առաջ հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած մրցույթում։ «Հյուսիս-հարավ» ծրագրից դուրս մնացած իսպանական «Կորսան կորվիամ» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Եվ կառավարությունը մրցույթ է հայտարարել, որ որոշի, թե որ կազմակերպությունն է ներկայացնելու իր շահերն արբիտրաժում։ Հաղթող է ճանաչվել շվեյցարական «Lalive» ընկերությունը, սակայն միջազգային պրակտիկայում ընդունված է, որ մրցույթին ներգրավեն տեղական որեւէ ընկերության։ «Lalive»-ի հայաստանյան գործընկերն Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգն» է։ Այսինքն՝ «Կոնցեռն դիալոգը» ոչ թե ինքնուրույն է հաղթել տենդերը, այլ՝ միջնորդավորված։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցույթից հետո իմանալով, թե ով է հաղթել, խիստ զայրացել է, եւ կուժն ու կուլան կոտրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխին, ով աչքաթող է արել նման կարեւոր փաստը եւ թույլ տվել, որ թշնամու ճամբարից մեկը պետբյուջեից փող ստանա ու ներկայացնի ՀՀ կառավարության շահերը դրսում։ Զեյնալյանը, իհարկե, բացատրել է, որ ինքը որեւէ առնչություն չի ունեցել մրցույթի հետ եւ չէր կարող «միջամտել» դրա ընթացքին, բայց դա չի հետաքրքրել Փաշինյանին։ Չգիտենք՝ սա եղել է վերջին կաթի՞լը, թե՞ Զեյնալյանին ասվել է, որ դիմում գրի։ Արամ Օրբելյանը հաստատեց, որ իր ընկերությունը մասնակցել եւ հաղթել է մրցույթում, որի պայմանագրի արժեքը մոտ 1.2 մլն դոլար է, բայց նշեց, թե չի կարծում, որ դա է եղել Զեյնալյանի հրաժարականի պատճառը։ Պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արտակ Զեյնալյանից, բայց նա նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո չի պատասխանում զանգերին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով բերման ենթարկեց Սեւանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալին ու մի տեսուչի: Կաշառքի աղմկոտ գործից ամիսներ անց կաշառք վերցնողները ազատության մեջ են, իսկ կաշառքի մասին հաղորդում ներկայացրած տնտեսվարողի դեմ հարկայինը իրական տեռոր է սկսել: Մասնավորապես՝ օրերս ընկերությունը տուգանվել է մեկ տարում արդեն երրորդ անգամ, ՀԴՄ-ի պատրվակով: Բացի տուգանքը, ընկերությունը փակ կլինի 10 օր։ Հարկայինի այս գործելաոճը, ըստ էության, ուղիղ մեսիջ է հարկատուներին, որ չհամարձակվեն կաշառքի մասին հաղորդում տալ, դեմ դուրս գալ իրենց: Դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով՝ ամսական մուծվել հարկայինին եւ հանգիստ աշխատել: Այլ կերպ ասած՝ հարկայինի դեմ «գործ տալ» եւ դա մարսել՝ հնարավոր չէ»։