Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Մայիսի 18-ին Վահե Գրիգորյանը 99 կողմ, 22 դեմ ձայներով ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։
Քվեարկությանը մասնակցել է 122 պատգամավոր։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ցանկանում էր Գրիգորյանին տեսնել ՍԴ-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս հետագայում պետք է զբաղեցնի ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի տեղը, այն բանից հետո, երբ վերջինս, ճնշման տակ չդիմանալով, հրաժարական կտա:
Այլ վարկած այսօր հրապարակել էր «Փաստ» թերթը. «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերըկարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը: Իսկ արդեն հաջորդ փուլում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյանի հրաժարականի տարբերակները»: