Լարված հանդիպում է սպասվում. Մնացականյանը մեկնում է Վաշինգտոն
Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից էջը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն, երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ, հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։
Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։
Թեպետ երկու երկրների ղկավարները Վիեննայում այս տարվա մարտի վերջին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ, սակայն ամիսներ անց լարվածությունը շփման գծում աճեց: Ավելի հաճախակի դարձան կրակոցները: Եղան զոհեր՝ երկու կողմից: