Արագածոտնի մարզում շտապօգնության մեքենայի վրա են հարձակվել, ջարդել ապակիներն ու հայելիները
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 17-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում մի խումբ անձինք հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։
Նախարարը նշել է, որ նախնական տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել: Նա հայտնել է նաև, որ հարձակում գործած անձինք նախնական տվյալներով հարբած են եղել:
«Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում ոստիկանությանը օրենքի ամբողջ՝ երկաթյա ուժով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Բուժաշխատողներին տոկունություն եմ մաղթում։ Զրո հանդուրժողականություն բռնությանը», - գրել է նախարարը:
ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, ըստ որի, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ԲԿ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամներից մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ դեռևս չպարզված առարկայով կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները: Կա բերման ենթարկված անձ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր», - նշված է հաղորդագրության մեջ: