23.11.2024
Կրակել է ծառայակցի վրա և ձերբակալվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Աշոտյանն է մեղավո՞ր. Ո՛չ Ուրիխանյանին են գտնում, ո՛չ էլ յուր դիմումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կոնֆլիկտի պատճառը Ուրիխանյանի կողմից իր վարած «Ճշմարտության պահը» հաղորդմանը Արմեն Աշոտյանին հրավիրելն է եղել: Հեռուստաընկերությունում Ուրիխանյանին նախապես զգուշացրել են, որ Աշոտյանը իրենց մոտ արգելված անձ է, սակայն Ուրիխանյանին թվացել է, որ արգելքները իր վրա չեն տարածվում: Նա իրավիճակի լրջությունը գիտակցել է միայն այն ժամանակ, երբ գործին միջամտել է անձամբ Ծառուկյանը՝ Ուրիխանյանից պահանջելով վայր դնել մանդատն ու փակել հաղորդումը: Հաղորդումը փակվել է, բայց Ուրիխանյանը մանդատը վայր դնող չի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 14-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեծարգո՛ հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»: Սա բոլորի կողմից ընկալվեց որպես պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն: Սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այժմ խմբակցությունը եւ, հետեւաբար, նաեւ Ազգային ժողովի ղեկավարությունը պատգամավորի կողմից մանդատից հրաժարվելու մասին որեւէ դիմում չի ստացել. նման դիմումի մասին որեւէ տեղեկություն առկա չէ նաեւ ԱԺ պաշտոնական կայքում, որտեղ սովորաբար դրանք պարտավոր են լինել առկայության դեպքում: Ավելին, մեր տեղեկություններով` պատգամավորի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն են փորձել կապի դուրս գալ նրա հետ, զրուցել, սակայն Տիգրան Ուրիխանյանը որեւէ կերպ չի արձագանքել ոչ ոքի, այլ շարունակում է իր էջում տարբեր մեկնաբանություններ գրել: Մեզ եւս չհաջողվեց կապվել Ուրիխանյանի հետ»:


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան զբոսանք-հանդիպումը որոշ շրջանակներում տպավորություն է ստեղծել, թե վերջինս եկել է Հայաստան, որպեսզի տնտեսական նոր ծրագրերից խոսի, ռուսական ներդրումների նոր հոսք ապահովի, սակայն, մեր տեղեկություններով, վերջինս ընդամենը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին։ Սամվել Կարապետյանը որպես դեսպան է եկել եւ փոխանցել ռուսական վերնախավի որոշ դիտարկումներ, որոնց հետ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի։ Սա եւ քաղաքական, եւ տնտեսական ասպեկտին է առնչվում։ Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է Վաշինգտոնում սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր առաջ։ Գուցե այս մասի՞ն էլ խաբրիկ է բերել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստը։ Գուցե` եղավ պատասխանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը, ում ժամանակին աշխատանքից ազատել էր Արամ Սիմոնյանը, պարզվում է՝ կապեր ունի նախկինների ու բիզնեսի հետ։ «Հյուր սերվիսը» պատկանում է նրան. ծառայության գործադիր տնօրենը նրա փեսան է, իսկ ընկերությունը ծառայություններ է մատուցում ԵՊՀ-ին: Գեղամ Գեւորգյանի հորեղբորորդին ռուսաստանյան հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանն է, հայտնի Էվոկաբանկում, որը ժամանակին Պրոմեթեյ բանկն էր, եւ որի բաժնետերերը Սամվել Մայրապետյանն ու Սենիկ Գեւորգյանն էին, պարզվում է՝ Սենիկ Գեւորգյանի մասնաբաժինը գրանցված է Գեղամ Գեւորգյանի անունով։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ պարոն Գեւորգյանը «սրսուռ աբարանցի» է՝ Աղվան Հովսեփյանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ու շատ մտերիմ է նախկին գլխավոր դատախազի հետ, ապա նախկինների հետ չհամագործակցելու նոր իշխանությունների պատկերացումներն առնվազն տարօրինակ են՝ ասաց համալսարանական մեր զրուցակիցը: Իսկ դա չի՞ նշանակում, որ Գեւորգյանն ընդամենը տեղապահ է՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու է ոչ թե ինքը, այլ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը։ Էվոկաբանկի մասով Գեւորգյանը մեզ ասել էր․ «Ձեռնարկատիրական աշխատանք չեմ կատարում, պարզապես տարվա վերջում ստանում եմ իմ փայը»։ Իսկ «Հյուր սերվիսի» հետ կապված՝ հերքեց փաստը․ «Բերեք տվեք, սիրով կընդունեմ, էլ ի՞նչ կա, որ իմն է»։ Նաեւ հերքեց, որ ընկերության գործադիր տնօրենն իր փեսան է»։


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում․ օրակարգի առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրումն է։ Հիշեցնենք․ ՀՀ նախագահը ներկայացրել է իշխանության սիրելի Վահե Գրիգորյանին, բայց նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվում ընդդիմության, հանրության տարբեր շերտերի կողմից, քանի որ մարդիկ ակնկալում էին, որ հին Հայաստանի «օրենքներն» այլեւս չեն գործի, ապակուսակցական, ապաքաղաքական պաշտոններում յուրայիններ չեն նշանակվի։ Հերթական քառօրյայի օրակարգում են նաեւ ԲԴԽ անդամի ընտրությունը, բյուջեի կատարողականի նախագիծը, Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր: Քվեարկության արդյունքները զարմանալի են եղել անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, որը չէր սպասում, որ լինելու է չորրորդը` Սուրեն Պապիկյանից եւ Արայիկ Հարությունյանից հետ մնալով: Նա իր զայրույթը մտերմիկ շրջապատում արտահայտել է՝ ասելով, թե չհասկացավ՝ ինչու այդպես ստացվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ վարչության նորընտիր կազմով գրանցած առաջին նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես՝ երբ արդյունքները հաշվարկվել են, եւ գումարվել է վարչության անդրանիկ նիստը վարչության նախագահ ընտրելու համար, այդ արդյունքներից անակնկալի եկած ներկաներից մի քանիսը ինքնաբերաբար առաջարկել են ՔՊ վարչության նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ներկաների մեծ մասը առաջարկել է վարչության նախագահ ընտրել Սուրեն Պապիկյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդամենը մեկ անձ է առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ որպես ՔՊԿ նախագահ: Նիկոլ Փաշինյանը անմիջապես ինքնաբացարկ է հայտնել: Արարատ Միրզոյանն էլ, տեսնելով, որ ընտրվելու շանս չունի, նաեւ հաշվարկելով, որ Սուրեն Պապիկյանից անհամեմատ քիչ ձայներ է հավաքել, ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով, Պապիկյանը միաձայն ընտրվել է ՔՊ վարչության նախագահ»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նախարարի հետ կապված բավականին լուրջ խմորումներ կան ՔՊ-ում, չնայած ինչպես մնացած, այնպես էլ այս դեպքում այնտեղ կարծիք կարող է ունենալ բացառապես Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին համաժամանակյա ձեռնոց նետած` իրենց «մայլեն» ժողովրդավարության Բաստիոն համարած Արարատ Միրզոյանը ցանկացել է այդ պաշտոնում տեսել յուր քավորին` ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Բայց քանի որ Միրզոյանի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, ինչպես նաեւ նրա հավերժ ախոյան Տիգրան Ավինյանը «պոստին» քնած չէ, Արարատ Միրզոյանը որեւէ «արդյունք» չի գրանցել: Ինչ վերաբերում է հրաժարական տված Արտակ Զեյնալյանին, վերջինս հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների սկսած դեմարշն է։ Զեյնալյանը վերջիններիս ասել է` «Ո՞նց կարելի է էդ ընտանիքի նկատմամբ այդպես վարվել»: Հիշենք, որ Վազգենի ծննդյան 60-ամյակին էլ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ-տառ չէր արտաբերել»:


«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթն անակնկալ է եղել հենց ՔՊ-ականների համար: «Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իր հետ բերում է նաեւ մարտահրավերներ, քանզի հաճախ մեր կուսակցությունը եւ կուսակցականները զերծ չեն եղել հանրության շրջանում առկա միտումներից, երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ տեղի է ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»,- ասել է Փաշինյանը՝ հստակ ակնարկելով, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է: Թեեւ նա հետո փակագծերը չի բացել, բայց դժվար չէ կռահելը՝ կոնկրետ ում է նկատի ունեցել: Իշխող վերնախավի մեջ առկա լարվածությունն ակնհայտ դարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: «Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հակադրությունների մեջ են, այդ մասին անգամ Միքայելյանն էր ակնարկել: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ պատգամավորը տարօրինակ կերպով մի կողմ քաշվեց, չաջակցեց ՔՊ-ի թեկնածուին: Եվ Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չըտրվելու հանգամանքը, հնարավոր է, դրանով է պայմանավորված, ու Փաշինյանն անուղղակի բան է ուզում հասկացնել ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլեւ բոլոր նրանց, որոնք հրաժարվում են ընդունելուց խաղի իր կանոնները»,- «Իրատես»-ին ասաց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի կապի, զորքերի-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, կրկին վերադարձել է համակարգ՝ ՊՆ։ Ուշագրավ է, որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից աշխատանքից ազատված երկու գեներալները նոր իշխանության ժամանակ վերադարձվեցին Զինված ուժեր։ Առաջինը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էր, ով հիմա Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Հիմա էլ՝ Կոմիտաս Մուրադյանը։ Ապրիլյանից հետո տեղի ունեցած աղմկոտ պաշտոնանկ եղածներից մնացել է թերեւս ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, որի վերադարձը կրկին հնարավոր է համարվում։ Քառօրյայի մասով ստեղծված քննիչ հանձնաժողովի ֆոնին այս նշանակումները բավական ուշագրավ են»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին եւ պահպանելով նրանց միջեւ բուֆերի դերը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։ Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու Հայկ Մարությանին էլ վատ չի վերաբերվում։ Իսկ կադրային քաղաքականության մեջ առհասարակ փորձում է «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքն իրականացնել։ Աշխատանքից ազատում է Վիտալի Բալասանյանին ու Վարդան Բալայանին, բայց անմիջապես էլ ոստիկանապետ է նշանակում Լեւոն Մնացականյանին։ Իսկ նախագահի պաշտոնին առաջադրվել պատրաստվող հակառակ ճամբարներում գտնվող անձանց՝ Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան․․․ խոստանում է որեւէ կերպ չմիջամտել այդ գործընթացին եւ արբիտրի դեր ստանձնել՝ առանց որեւէ մեկի կողմն անցնելու։ Բայց անգամ այս հավասարակշռված լարախաղացային ոճը չի գոհացնում ՀՀ գործող իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն անվերապահ հավատարմության պահանջ է դնում, որտեղ նախկին իշխանությունների օգտին արված յուրաքանչյուր քայլ մերժվում են ի սկզբանե։ Ոչ մի ռեւերանս՝ ոչ պարի, ոչ դատարանում երաշխավորության տեսքով նրան դու չի գալիս։ Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ, օրինակ, Լեւոն Մնացականյանի նշանակումը նա շատ վատ է ընդունել եւ Բակո Սահակյանի գլխին նոր սեւ ամպեր են կուտակվում։ Այս նշանակումը ՀՀ վարչապետն ընդունել է որպես կոնկրետ իր դեմ ուղղված քայլ եւ պատրաստվում է հակաքայլեր ձեռնարկելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։ Երեկ հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»: Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։ Հաջորդը լինելու է ՊԲ հրամանատարի մյուս տեղակալը՝ Գարիկ Սաֆարյանը, ում հեռանալն էլ կմեկնաբանվի առողջական խնդիրներով, ինչի մասին դեռեւս երկու ամիս առաջ մենք գրել էինք։ Իսկ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկությունը հայաստանյան իշխանությունների պահանջն է, եւ դա Արցախի ղեկավարության կողմից անտրտունջ արվում է՝ Արցախ-Հայաստան հարաբերություններում ավելորդ լարվածություն չառաջացնելու նպատակով։ Լեւոն Մնացականյանից հետո հայտնի Օգանովսկին հեռացավ, երեկ՝ Բալայանը, հերթում են պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը եւ ուրիշներ»:


«Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները: Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով, որ հեղափոխությունը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, եւ ժողովուրդը չի հասկանա իրենց։ Ոմանք վարչապետին անգամ հիշեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրված ՝«Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը։ Ըստ մեր աղբյուրի, որոշվել է թե՛ իշխանական խմբակցության եւ թե՛ հասարակության վերաբերմունքը հստակեցնել աստիճանաբար:


Մասնավորաբար, որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերը (եթե վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցվի անպայման բոլորով կողմ քվեարկել) կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը: Իսկ արդեն հաջորդ փուլում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյանի հրաժարականի տարբերակները: Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի մեկնաբանությունը, սակայն նա «Փաստի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս խոսակցությունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթին ենթասպայի ցուցմունքից որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ոստիկանության զորքերի ենթասպան իր ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, եւ այդ ամենին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, եւ կոնկրետ անուններ են տրվել: Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տվել, սակայն բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում»: