Գլխավոր դատախազը պնդում է՝ Քոչարյանը ազատության մեջ չպիտի մնա
Դատարանները ևս փաստ են ուզում, որ իրականացվել է ապօրինի ներգործություն։ Մենք չունենք նման փաստ, բայց մենք չենք խոսում եղած փաստի մասին, այլ խոսում ենք դրա հավանականության մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կասեցման որոշման դեմ ներկայացրած Դատախազության բողոքի անհրաժեշտությանը:
Նա պնդեց, որ գտնվելով ազատության մեջ Քոչարյանը կարող է խոչընդոտել դատավարության ընթացքին.
«Հայաստանի և Եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում։ Դրանցում ասվում է՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի, այսինքն՝ գործող փաստի մասին չի խոսքը, այլ հավանականության»,- ասաց դատախազը։
Նրա խոսքով, Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները։
«Այդ իրադարձություններին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական և այլ կախվածություն ունեցող այլ անձինք։ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, կխոչընդոտի քննությանը»,- հավելեց դատախազը։