24.11.2024
ԵՄ դրամաշնորհային ծրագրերի չարաշահումների գործով ևս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հայաստանը չպետք է կրկնի Էլչիբեյի սխալները. ներքին պառակտումների գինը պետականությունն է

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և պահ է փնտրում։ Ադրբեջանի նախագահը մշտապես սպառնում է, որ շուտով կհարձակվի։ Նա հսկայական քանակությամբ սպառազինություն է կուտակել, նա ունի մեծ թվով մոբիլիզացիոն ռեզերվներ, և հայտարարում է՝ «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»:

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:


Տեր-Գրիգորյանցը, լինելով փորձառու և պրոֆեսիոնալ զինվորական, տեսնում է Բաքվի կողմից պատերազմի նախապատրաստություն, իսկ ՀՀ-ի այսօրվա իշխանությունները հայտարարում են խաղաղության ամրապնդման մասին ու հասարակությանը խաղաղասիրության մասին մեսիջներ են ուղարկում:


Սակայն պատերազմական վիճակում, երբ հակառակորդը ցանկանում է ոչ միայն գրավել և ֆիզիկապես բնաջնջել Արցախի հայությանը, այլ նաև տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ի Սյունիքի մարզի, անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, խոսել խաղաղասիրության մասին նշանակում է բթացնել հայկական հասարակության զգոնությունն ու շանս տալ Ադրբեջանին, ինչն անթույլատրելի է:


ՀՀ-ում թավշյա հեղափոխության օրերին և դրան հաջորդած ամիսների ընթացքում, երբ ՀՀ-ում ներքաղաքական սուր պայքար էր՝ ԱԺ-ն գտնվում էր լուծարված վիճակում և ՀՀ-ում նոր ընտրություններ անցկացվեցին, Բաքուն չհարձակվեց Արցախի դեմ:


Նրանք այդ ժամանակ չցանկացան, որպեսզի ՀՀ-ում համաժողովրդական ալիքը, մեծ ոգևորությունն ու հայության համախմբումն ուղղվի Ադրբեջանի դեմ կամ առաջնագիծ, այդ պատճառով նրանք որոշեցին ժամանակ շահել՝ հասկանալու համար հետհեղափոխական ՀՀ-ում ստեղծվող նոր իրավիճակը:


Այդ ընթացքում ադրբեջանցիներն ամրապնդվեցին Նախիջևանի ուղղությամբ՝  կրակի տակ սկսեցին պահել ՀՀ-Իրան և ՀՀ-Արցախ ռազմավարական նշանակության, կյանքի ճանապարհները:


Նրանք ամրապնդեցին ապագա լայնածավալ պատերազմի իրենց առաջնագծերը կամ հարվածային պլացդարմները՝ թե՛ Նախիջևանի ուղղությամբ, թե՛ Տավուշի՝ այնտեղ տեղակայելով սահմանապահ զորքեր:


Բացի այդ, ադրբեջանցիները ստեղծեցին նոր ինժեներական կառույցներ Արցախի այն դիրքերում, որոնք նրանք կարողացել էին գրավել 2016թ.-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում՝ Թալիշի մերձակա դիրքեր, Լելե Թեփե բարձունք և այլն:


Ադրբեջանն այժմ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնալու միակողմանի և ցավոտ զիջումների, եթե չի ուզում տապալվել և կորցնել իշխանությունը. Արցախը և ՀՀ ընդդիմադիր ուժերը՝ նախկին իշխանությունները, այդ թվում զինվորական շրջանակները թույլ չեն տալու ոչ մի կառավարության գնալ Արցախի հարցում միակողմանի զիջումների:


Ադրբեջանն այս պահին բանակցությունների իմիտացիայով է զբաղված և անցկացնելով այս տարի արդեն թվով 10-րդ լայնածավալ զորավարժությունները՝ սպասում է հարմար պահի, ինչպես նշել է Նորատ Տեր-Գրիգորյանցը, հարձակման անցնելու համար:


Այժմ Արցախի քաղաքական էլիտաների և ՀՀ-ի կառավարության մեջ միմյանց նկատմամբ սուր քննադատություն կա, կրկին անգամ հասարակության մեջ սկսվել են արհեստականորեն խորանալ հայաստանցի-ղարաբաղցի հակասությունները, ինչն ուղղակի կազմաքանդում է Արցախի թիկունքն ու թուլացնում թե՛ հասարակությունների բարոյահոգեբանական վիճակը, թե՛ բանակում ստեղծում է անառողջ մթնոլորտ:


Ադրբեջանը 1990-ական թվականներին ներքաղաքական սուր պայքարի, քաղաքացիական պատերազմին մոտ իրավիճակում էր, երբ երկրում տարբեր խմբեր և կլաններ միմյանց դեմ սուր պայքար էին մղում: Բաքուն հենց այդ ժամանակ կորցնում էր ղարաբաղյան ճակատում նոր տարածքներ:


ՀՀ-ն ու Արցախը 1990-ական թթ.-ի Ադրբեջանում տիրող քաոսն օգտագործեցին պատերազմում հաղթանակներ տանելու համար: Այժմ կարծես թե իրավիճակը փոխվել է և պատմությունը կրկնվում է, սակայն հակառակ ուղղությամբ: Ադրբեջանն օգտվելու է ՀՀ-Արցախ հակասություններից, ինչպես նաև Արցախում տարբեր գունավոր հեղափոխությունների սցենարներից կամ տարբեր կլանների միջև բախումներից, որոնք կարող են անգամ ռազմական բախման տանել:


ՀՀ-ն ու Արցախն իրավունք չունեն կրկնելու Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի սխալները, երբ Ադրբեջանում սուր ներքաղաքական պայքարն ու էլիտաների միջև հակասությունները կազմաքանդում էին ռազմաճակատը՝ հիշենք գնդապետ Սուրետ Հուսեյնովի ապստամբությունը:


Արցախի ու ՀՀ-ի համար ներքին պառակտումները կարող են պետականություն արժենալ: