25.11.2024
Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Ռասիզմն Ադրբեջանում անհնար դարձրեց Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ-ն` CNN-ին

Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:


«Ադրբեջանական հասարակությունում եւ մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումների հանդեպ հանդուրժողականությունը եւ անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:


Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաեւ ի ցույց դնել հանդուրժողականության եւ ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։


Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը եւ «Չելսի»-ն:


«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:


Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»:


Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների եւ բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ: