Կառավարությունն ընդունել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված որոշում
Զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև հավելում՝ պաշտոնական պարտականություննների կատարման համար, որի արդյունքում զինծառայողներրի դրամական ապահովության չափերը կբարձրանան միջինը 10 տոկոսով: «Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագարային շարքայինը», - ասել է Դավիթ Տոնոյանը:
Անդադառնալով ընդունված որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Խոսքն այն մասին է, որ մենք հունիսի 1-ից պետք է բարձրացնենք զինվորականների աշխատավարձը և հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողները և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է: Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում տոկոսային հարաբերությամբ, քան բարձրագույն սպայական կազմի և Զինված ուժերի ղեկավարության: Սա շատ կարևոր արձանագրում է»: