Անընդունելի է դատարանների բնականոն գործունեության խաթարումը. ԲԴԽ հայտարարությունը
Անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը։
ԲԴԽ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․
«Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին:
Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ. ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում, անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։