26.11.2024
Հայաստանն ու Հնդկաստանը կզարգացնեն ռազմական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սվաղչին. Ռադիոյի դուռը պահել էին, որ Փաշինյանը մի օր գա, նորոգում-շոու բեմականացնի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռադիո՝ շնորհավորել Ռադիոյի օրվա կապակցությամբ․ «Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր որեւէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, եւ, ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն եւ երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»: Բացի շնորհավորելը, նա նաեւ իր ձեռքով սվաղել է այն դուռը, որը կոտրել էին Ռադիո ներխուժելու ժամանակ։ Տարօրինակ է, որ մինչ օրս Ռադիոյի աշխատակիցները չէին նորոգել դուռը։ Հավանաբար, ջարդված դուռը պահպանել էին, որ մի օր վարչապետը գա՝ դռան նորոգման շոու բեմականացնի, Ռադիոյի աշխատակիցներն էլ մեծ ոգեւորությամբ ռեպորտաժ պատրաստեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Հայէկոնոմբանկի» տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ բանկը մասնաճյուղ է բացել Ավան վարչական շրջանում: «Հայէկոնոմբանկը» ավելի քան 25 տարվա պատմություն ունի, բայց ներկայացված չէր Ավանում: Պատճառը բանկի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի եւ Ռուբեն Հայրապետյանի լարված հարաբերություններն էին: Հայրապետյանը, ըստ էության, արգելում էր Սուքիասյանին գործունեություն ծավալել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նոր իշխանության օրոք Հայրապետյանի դիրքերը թուլացել են, իսկ Սուքիասյանինը, ընդհակառակը, ուժեղացել, ինչն էլ վերջինիս հնարավորություն է տվել գործունեություն ծավալել Ավանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ավանդաբար ԵԿՄ-ն ճոխ նշում է Երկրապահի օրը։ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանին հարցրինք` ի՞նչ եք անելու այս տարի։ «Բնականաբար, գնալու ենք Եռաբլուր, մարզերում ծաղկադրումներ ենք անելու, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ենք այցելելու»: Իսկ Մանվել Գրիգորյանին չե՞ք հիշելու-այցելելու` հիվանդանոցում է, ասում են` լավ չէ։ «Չեմ կարող ասել, նման հարց չի քննարկվել: Առ ժամանակ առաջ, երբ կալանքը չեղարկվել էր, տանն էր, ինքս այցելել եմ իրեն»: Ինչպե՞ս ընդունեց, ասում են` չի ընդունում Երկրապահից ոչ մեկին: «Նորմալ»: Ի՞նչ էիք խոսում։ «Բացառապես՝ առողջությունից, ուրիշ բան չենք քննարկել»: Իրո՞ք։ «Այո, որովհետև իր համար կարևորն առողջությունն է»: Ի դեպ, անցած տարի ևս Երկրապահի օրը չի նշվել։ «Այդ օրը Նիկոլ Փաշինյանի ընտրության օրն էր. բոլորը զբաղված էին դրանով, դրա համար ընդհանրապես չնշեցինք»,- ասաց վարչության մեկ այլ անդամ: Բա Ղարաբաղ չե՞ք գնալու` Շուշիի գրավման օրն է, եթե գնալու եք՝ Սերժ Սարգսյանի հե՞տ եք գնալու, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ «Ով ո՞ր օրն է գնալու»։ Սարգսյանը՝ 8-ին, Փաշինյանը` 9-ին։ «Իհարկե` 9-ին»: Բայց չէ՞ որ Փաշինյանը կապ չունի ո՛չ Շուշիի վերադարձի, ո՛չ ղարաբաղյան տարեգրության, ո՛չ Երկրապահի հետ․ Սասուն Միքայելյանի «հրամանատարն» է, դրա՞ համար։ «Փաշինյանն էլ հիմա գերագույն գլխավոր հրամանատարն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Մերժիր Սերժին»-ից «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն է միայն, որ չի անդամակցել «Քաղպայմանագիր» կուսակցությանը։ Ինչո՞ւ։ «Անձնական որոշում է, ես ամբողջ կյանքս եղել եմ անկուսակցական, միգուցե վաղը որոշեմ, որ մտնում եմ կուսակցություն, բայց այս պահին այսպես եմ ուզում»։ Չե՞ք կիսում ՔՊ գաղափարները։ «Եթե լիներ գաղափարական հակասություն, ես այս թիմի հետ չէի լինի։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, ես անցած տարվա մարտի 15-ին՝ որպես «Մերժիր Սերժին»-ի համահիմնադիրներից, հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ, խոսեցինք տետ ա տետ, մինչ այս ՍՈՍ հաղորդման սցենարիստ Հայկ Վարդանյանի հետ էի հանդիպել, այդ ժամանակ արդեն որոշված էր, որ ճանապարհը միասին ենք անցնելու, տարաձայնություն չունեինք, նպատակը նույնն էր, գործիքակազմը՝ նույնպես․ ոչ բռնի պայքար։ Ոչ մի տարաձայնություն չկար, և միասին շարունակեցինք»։ Ի՞նչ լինի, որ կուսակցական դառնաք։ «Եթե ես զգամ, որ կարող եմ կուսակցությունում պիտանի լինել, տեսանելի, շոշափելի, չափելի բաներ փոխել, որոնք պետք են թե՛ կուսակցությանը, թե՛ երկրին, ամենավերջում՝ ինձ, ես կմտնեմ»։ Բացառո՞ւմ եք, որ ինչ-որ պահի «սորոսականներով» նոր միավորում ստեղծեք կամ վերականգնեք նախաձեռնությունը։ «Ես «Բաց հասարակության հիմնադրամից» ծնվելուս օրվանից մինչ օրս դրամաշնորհ չեմ ստացել, ինչո՞վ եմ սորոսական, հետագայում միգուցե ես լինեմ ՔՊ-ում, միգուցե՝ ոչ, այս պահին սա է որոշումս»»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1»-ի քրեական գործով նոր դատավոր է նշանակվել Դավիթ Գրիգորյանը, այն բանից հետո, երբ մեկ այլ դատավոր՝ Վարդան Գրիգորյանը, ինքնաբացարկ էր հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորների ինքնաբացարկի թեման դատական համակարգում քննարկումների առիթ է հանդիսացել, եւ նշվել է, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվի մեկ այլ դատավորի, եւ եթե նա անհիմն ինքնաբացարկ հայտնի, ապա դա կլինի դատական համակարգի ամոթը: Ավելին՝ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ հարց է բարձրացվել, որ եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, ապա կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ անխուսափելիորեն պատժելու հարցը: Եվ, ահա, խաղի կանոնները հստակեցնելուց հետո գործը մակագրվել է Դավիթ Գրիգորյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա հայտնել է, որ ինքնաբացարկ չի հայտնելու եւ կքննի քրեական գործը»:



«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը: Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչեւ աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կա հստակ տեղեկություն, որ գործող իշխանությունները մեքենաների մաքսազերծման հարցի եւ գազի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղացող» հայաստանցի եւ ռուսաստանահայ գործարարների մոտ, որպեսզի լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն: Ըստ լուրերի՝ այս գործընթացի մեջ փորձում են ներքաշել նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին»:


«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Մոսկվայից ստացված տեղեկությունների, ռուսական վերլուծական կետրոններին, հատկապես նրանց, որոնք աշխատում են ուժային կառույցներին կից, հանձնարարություն է իջել՝ վերլուծել եւ կանխատեսել ՀՀ-ում մինչեւ տարեվերջ հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները եւ դրանց արդյունքում հնարավոր քաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: Հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ վերադասավորումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես ղարաբաղյան եւ իրանյան թնջուկները: Ուշագրավ է այն փաստը, որ հանձնարարությունը տրվել է Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցից հետո: Փորձագետները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է Երեւանում զգացել ՌԴ վարչապետը, կամ ի՞նչ տեղեկատվության են տիրապետում ռուսները, որ հանձնարարական են տվել իրենց ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից: Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին եւ նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները:  Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում»: