25.11.2024
ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Դուրս է մեր լիազորություններից. դատախազությունը պատասխանել է Արցախի նախագահներին

ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին գլխավոր դատախազին ուղղված Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ:


«2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:


Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:


ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:


Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից», - ասված է պարզաբանման մեջ: