Հայաստանն ու Կատարը ցանկանում են ընդլայնել համագործակցության օրակարգը. ԱԳՆ
Մայիսի 5-ին Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Կատարի էմիրն իր գոհունակությունը հայտնեց Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առաջիկայում իրենք նույնպես կանդրադառնան Երևանում Կատարի դեսպանության հիմնադրման խնդրին։ Շնորհավորելով դեսպան Ղարիբջանյանին և հաջողություն մաղթելով նրան արդեն որպես ռեզիդենտ դեսպանի՝ էմիր Ալ Թանին հույս հայտնեց, որ Կատարի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան և առաջընթաց կգրանցեն։
Դեսպան Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնեց էմիրին և վստահեցրեց, որ կշարունակի ներդնել իր առավելագույն ջանքերը ՀՀ-Կատար երկկողմ հարաբերությունների առավել խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ:
ՀՀ դեսպանը Կատարի էմիրին փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույնները՝ մաղթելով Կատարի ժողովրդին հետագա առաջընթաց և բարեկեցություն։ Իր հերթին էմիր Թամիմ Ալ Թանին խնդրեց իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ընդգծելով իրենց անձնական և գործնական սերտ հարաբերությունները։
Նախորդ օրը՝ մայիսի 4-ին, Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիին (Sultan Bin Saad Al-Muraikh)։
Պետնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում և լիակատար աջակցություն հայտնեց երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների խթանման գործում։