25.11.2024
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են առևտրային համագործակցության հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:


«Միշտ կարևորում ենք այն ուղղությունները, որոնք նպաստում են տնտեսությունում ներառականության աճին, և ԱՄՆ-ի հետ իրականացվող ծրագրերը հենց նման կարողությունների զարգացմանն են ուղղված։ Շատ ողջունելի է, որ առաջիկա աջակցության ծրագրերը թիրախավորելու են ենթակառուցվածքների զարգացումը և ՓՄՁ աջակցությանը», - ողջունելով հյուրերին, ասել է նախարար Խաչատրյանը։


ԱՄՆ պատվիրակության խնդրանքով նա ներկայացրել է տնտեսական նոր իրողությունները, որ հաստատվել են Հայաստանում։ Տնտեսական հետագա զարգացման հիմքերի առողջացման տեսանկյունից նախարարը կարևորել է հավասար մրցակցությունը, շուկաներում մուտքի ազատությունը և կոռուպցիայի բացառումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քաղաքական կամքը այդ նպատակաների հարցում կասկածից վեր է։ Նախարարն անդրադարձել է նաև Կառավարության ծրագրային նպատակներին՝ կարևորելով տնտեսական աճի բևեռների վերադասավորումը։


«Երբ մենք խոսում ենք ներառական աճի մասին, նկատի ունեք միջնաժամկետ հատվածում տնտեսության այնպիսի կառուցվածքային փոփոխությունը, որը պետք է մասնակիցների միջև ավելի բաշխված դարձնի տնտեսական արդյունքները, որը պետք է անդրադառնա նաև արտահանման, ապրանքների շուկաների վրա։ «Արտահանումը շարունակելու է մնալ մեր տնտեսության հիմնական առանցքը, և շատ կարևոր է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև տնտեսական երկխոսության հիմնական հարցերից մեկը արտաքին առևտրի խնդիրներն են։ Առևտրային ընթացակարգերը լավագույն առաջադեմ փորձին համապատասխանեցնելով, կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել», - նշել է նախարարը։


ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլը շնորհակալություն է հայտնել նախարարին խնդիրների համապարփակ ներկայացման համար և ուղղել նրան առանձին ուղղություններին վերաբերող հարցեր։


Կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը, քննարկել նաև այս համատեքստում կրթական խնդիրներ։


ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Եվրասիայի առևտրային հարցերով նախարար-խորհրդական Մայքլ Լալլին անդրադարձել է առևտրային համագործակցության հարցերին, ինչպես նաև կարևորել Հայաստանում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ կողմից տրվող աջակցությանն առնչվող հարցեր։