Մայիսի 8-ին ասուլիսով հանդես կգամ. Փաշինյանը խոստացել է ներկայացել փոփոխությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ժամանակ հայտնեց, որ հանդես է գալու մամուլի ասուլիսով, ամփոփելու է որպես վարչապետ իր պաշտոնավարման մեկ տարին:
«Իմ՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ մայիսի 8-ին ասուլիսով հանդես կգամ, որտեղ կետ-կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ում շատ բան է փոխվել: Փոխվել է ամենակարևորը` Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է: ՀՀ քաղաքացին ամենակարող է, ամենազոր է, ՀՀ քաղաքացին իր մտքով, իր աշխատանքով, իր տաղանդով, ծաղկեցնելու է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա: Համաժողովին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսություն է, որը դրված է դրանց հիմքում։
Վարչապետը կարծում է, որ հեղափոխությունից հետո փոխվել է «ինչ կարող է անել ՀՀ քաղաքացին» հարցի պատասխանը։ Նա շեշտեց՝ ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քանի որ նրա օրինական, ստեղծարար գործողությունների հնարավորությունը սահմանափակված չէ։
«Այս փոփոխությունը ՀՀ-ին պետք է դարձնի աշխարհի առաջատար տնտեսական երկրներից մեկը։ Այսօր մեր հիմնական խնդիրը հետևյալն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են։ Մարդիկ երբեմն չեն ցանկանում հավատալ իրենց տեսածին, չեն ուզում հավատալ իրենց լսածին, երբեմն «դաբռոների։ կարիք ունենք։ Տնտեսության մեջ ներդրում անել ցանկացողների 90 և ավել տոկոսն ուզում է անձամբ իր գործողությունները համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։