Դվին համայնքի առաջին դասարանցիները ստացան գունեղ նվերներ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ) շարունակում է իր ակցիաները ՀՀ մարզային դպրոցներում՝ նվիրված Մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Հերթական այցը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 3-ին, Արարատի մարզի Դվին համայնք, որի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցի թվով 43 աշակերտների հանձնվեցին գունեղ նվերներ:
Երեխաները ստացան Հ.Թումանյանի հեքիաթների ժողովածուն և գրենական պիտույքներ:
ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը ողջունեց երեխաներին՝ հիշեցնելով նրանց, որ 2019 թվականը Հայաստանում թումանյանական տարի է հռչակվել: Նրա խոսքով, ողջունելի է տեսնել, որ կրթօջախներում ամենուր հոբելյանական ոգին է՝ դպրոցում կա Թումանյանի անկյուն, իսկ երեխաները սիրով արտասանում են Մեծանուն հայի բանաստեղծությունները.
«Կարծում ենք, որ երեխաները փոքր տարիքից պետք է ճանաչեն մեր ազգի մեծերին, և ով, եթե ոչ Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներով կարող է նրանց դեպի կյանք իրական ու անկեղծ ճաապարհ հարթել՝ կերտելով նրանցից ՀՀ արժանվույն քաղաքացիների»,- նշեց Արման Ղուկասյանը:
Ակցիան լինելու է շարունակական:
Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Կուսակցության գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար: «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը գործում է 2017 թվականից: Հիմնական գործունեությունն է վերլուծական – հետազոտական աշխատանքը:
Հիշեցնենք, օրերս ակցիան իրականացվել էր Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի միջնակարգ դպրոցում: