Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել` անդրադառնալով նախօրեին Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին ՀՀ մուտքի արգելքին:
Ուկրաինացի պատգամավորը պետք է մասնակցեր 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին: Նա ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել արգելքի պատճառը՝ նշելով միայն, որ նա «անցանկալի անձ» է։
Նշենք, որ Մուստաֆա Նայեմը ծնվել է Աֆղանստանում՝Քաբուլում, էթնիկ առումով նա պուշտուն է: Հնարավոր է, որ պատգամավորի ծննդավայրը նույնպես պատճառ է հանդիսացել սահմանապահների կողմից նրան ավելի մանրակրկիտ հարցաքննելու ու նրա մասին տեղեկատվություն հավաքելու համար: Աֆղանստանն, ինչպես հայտնի է, ահաբեկչական առումով մեծ ռիսկեր պարունակող երկիր է՝ Թալիբան շարժում, որի անդամների մեծամասնությունը պուշտուններ են, ինչպես նաև այժմ ակտիվացել է Իսլամական պետությունը՝տեղափոխվելով այնտեղ Մերձավոր Արևելքից:
Հետաքրքրական է, որ 2011թ.-ին Նայեմը ստեղծել է «Վերջ ցենզուրային» լրագրողական շարժումը, որը ֆինանսավորել են օտարերկրյա կազմակերպությունները, մասնավորապես Ջորջ Սորոսի հիմնադրամն ու Մեծ Բրիտանիայի քաղաքացի Կոնստանտին Կատալոնսկին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է ՀՀ Կառավարությունից՝ միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայությունն ամբողջությամբ ՀՀ սահմանապահ ծառայության կողմից իրականացնելու համար՝ առանց երկրորդ կամ երրորդ պետության մասնակցության»։
ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը՝ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում, իսկ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը: Երևանի ու Մոսկվայի միջև առկա են թե երկկողմ ռազմական համագործակցության պայմանագրեր, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ պաշտպանության մասին պայմագրեր:
ՀՀ-ն գտնվելով թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում առկա մարդկային, ռազմական, տնտեսական ռեսուրսներով չի կարող միայնակ լուծել սահմանների անվտանգության, ազգային անվտանգության հետ կապված բազմաթից հարցեր: Այդ հարցերը լուծելու և հիմնական ռազմական ու մարդկային ռեսուրսները հայ-ադրբեջանական սահմանների ու Արցախի անվտանգության համար ուղղելու համար ՀՀ սերտորեն համագործակցում է ՌԴ-ի հետ՝այդ թվում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահ անցակետերի հսկողությունն իրականացվում է ռուսական սահմանապահների կողմից արդեն երկու տասնամյակից ավելին և երբեք հարց չի ծագել այդ միավորումը Զվարթնոցից դուրս հանելու մասին:
Ռուսական սահմանապահներն ապահովում են՝ՀՀ ԱԱԾ զորքերի հետ միասին թե ՀՀ-ի համար ռազմավարական կարևորության օդանավակայանի անվտանգությունը, թե ՀՀ ժամանակող անձանց օպերատիվ կերպով ստուգումը՝ահաբեկչության կանխարգելման և այլ հատուկ միջոցառումների շրջանակներում:
Ուկրաինացի պատգամավորի հետ կապված տեղեկատվական առիթը սորոսական տարբեր կառույցներ սկսել են օրակարգային հարց դարձնել, որպեսզի հանրային քննարկում առաջացնեն՝ՀՀ-ից ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը դուրս բերելու նպատակով: Սակայն այդ քայլը նախ վտանգելու է ՀՀ-ի և նրա ժողովրդի անվտանգությունն ու բարձրացնելու է ՀՀ-ում ահաբեկչական վտանգի մակարդակը, ինչի մասին իհարկե սորոսական գրանտակերները չեն մտածում:
Կարծես թե մեկ կետից հրահանգով ՌԴ-ի սահմանապահ զորքերի հետ կապված հարցը սկսեցին շահարկել ու ուղղել սլաքները Մոսկվայի դեմ՝ ՀՀ-ում սորոսական ցանցն ու նրա ակտիվիստները:
Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջապես զրուցեցի Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի հետ:
Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահների համազգեստների տարբերությունը չգիտեր, բայց իր մուտքն արգելող սահմանապահները «Սլավոնական արտաքին ունեին և ռուսերեն խոսում էին մաքուր, առանց ակցենտի»:«Զվարթնոցում» ռուսաստանյան սահմանապահների 27 տարի տևող ապօրինի գտնվելուն պետք է վերջ տալ»:
Սորոսական էլեմենտները սկսել են հակառուսական արշավը՝այդ կերպ նաև քննադատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուսամետության համար և ՌԴ-ի սահմանապահ զորքերը ՀՀ-ում գտնվելու հարցը կարծես թե լակմուսի թուղթ է լինելու Փաշինյանի համար:
Հասկանալի է, որ Մոսկվան շատ կտրուկ է արձագանքելու իր սահմանապահների նկատմամբ քննադատություններին և ՀՀ-ից դուրս բերելու փորձերին՝դա կարող է ընկալվել, որպես ոչ բարեկամական քայլ Երևանի կողմից:
Այժմ շատ կարևոր է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես գա ի պաշտպանության ՌԴ-ի սահմանապահ զորքերի ներկայությանը ՀՀ-ում, որպես ՀՀ-ի ազգային անվտանգության լրացուցիչ և կարևորագույն բաղադրիչի:
ՌԴ-ի սահմանապահ զորքերը սորոսականների կողմից թիրախավորելու փորձերին պետք է արձագանքի նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, քանի որ նրա ղեկավարած կառույցի հետ սերտ համագործակցությամբ են գործում ռուսական սահմանապահները թե Զվարթնոց օդանավակայանում, թե հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների հսկողությունն իրականացնելիս:
ՀՀ-ում գործող սորոսական ցանցն իր հակառուսական պլատֆորմով ու հայտարարություններով արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ հարվածելով հայ-ռուսական դաշնակցային կապերին նրանք թուլացնում են թե ՀՀ-ն, թե Արցախն ու Երևանին և Ստեփանակերտին թողնում միայնակ՝թուրք-ադրբեջանական հնարավոր ռազմական ագրեսիայի առջև: