Թուրքիան ակտիվորեն փնտրում է նավթի ներկրման այլընտրանքային շուկաներ
Իրանից նավթի ներկրումների նվազման ֆոնին Անկարան ակտիվորեն փնտրում է այլընտրանքային շուկաներ: Իրաքն ու ՌԴ-ն մտնում են այդ թեկնածուների շարքը:
Նշվում է, որ Թուրքիայի համար ամենահարմար նավթն իրանականն է, որն ուղղվում է Թուպրաս նավթավերամշակման գործարան: Այլ երկրներից նավթը պահանջում է լրացուցիչ մշակում, ինչը ծախսատար է: Աշխարհաքաղաքական մոտիկ դիրքի պատճառով իրանական նավթն ամենաէժանն է:
2018թ.-ին Իրաքն ու ՌԴ-ն առաջին և երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Թուրքիա նավթի առաքման ցուցակում:
Ադրբեջանական նավթը, որն առաքվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, Թուրքիայում չի օգտագործվում, այն տարանցվում է այլ երկրներ, օրինակ՝ Իսրայել:
Թուրք փորձագետ Մուհդանա Սաղլաման հայտարարել է, որ իրաքյան նավթն ի վիճակի չէ լուծել խնդիրը:
Նրա խոսքով, Թուպրասի գործարանը նախատեսված է ծանր նավթի համար, որն իրանական և հյուսիս իրաքյան նավթն է: Բասրայի նավթն այդ գործարանի համար նախատեսված չէ: Ըստ նրա, ՌԴ-ն շատ հեռու է, ինչն ավելացնում է նավթի առաքման ծախսերը:
Նրա խոսքով, Թուրքիան նավթ է գնում Սաուդյան Արաբիայից ու Արաբական Միացյալ Էմիրություններից, սակայն դրանք չեն կարող փոխարինել Իրանից ներկրումը: