Կտրուկ շրջադարձ Դինքի սպանության գործի նոր հանգամանքների քննությունում
Անսպասելի շրջադարձ «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում ի հայտ եկած նոր հանգամանքների քննության ընթացքում: Թուրքական Zaman օրաթերթի տեղեկություններով, երկրի արդարադատության համակարգը կարգավորող մարմինը` Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը (HYSK), հետաքննություն է սկսել գործը վերահսկող դատախազ Գյոքալփ Քյոքչուի դեմ` նրան կասկածելով ծառայողական դիրքի չարաշահման մեջ:
Հիշեցնենք՝ խոսքը Դինքի սպանության հետաքննության այն հատված մասին է, որով անցնում են «Ակոս»-ի խմբագրի սպանությունը կանխելու իրական հնարավորություններ ունեցած, բայց այդպես էլ որևէ քայլ չձեռնարկած ոստիկանության պաշտոնյաները: Կասկածյալների ընդհանուր թիվը հասնում է 25-ի, նրանց մեջ են նաև Ստամբուլի ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը, Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, ինչպես նաև Ազգային ոստիկանության քրեական հետախուզության ծառայության նախկին ղեկավար, Դինքի սպանության պահին Տրապիզոնի ոստիկանության ղեկավարներից մեկը հանդիսացած Էնգին Դինչը:
Քննչական մարմինների ունեցած տեղեկությունները վկայում են, որ այս բոլոր ոստիկանները 2006-ի տարեվերջին դեռ բավարար տեղեկություններ էին ունեցել Հրանտ Դինքի դեմ ծրագրվող մահափորձի մասին, սակայն որևէ կանխարգելիչ գործողության այդպես էլ չէին դիմել:
Այժմ ահա Հրանտ Դինքի հարազատների և ընկերների երկարամյա համառ ջանքերի շնորհիվ բացված այս հետաքննությունը տապալման եզրին է հայտնվել, քանի որ գործը վերահսկող դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրվում է մամուլին հետաքննության մանրամասները տրամադրելու, ինչպես նաև գործով անցող առանցքային կասկածյալների նկատմամբ ընթացակարգային բազմաթիվ խախտումներ թույլ տալու մեջ, հայտնում է Ազատությունը:
Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեքշաբթի օրը հայտարարեց․ - «Եթե կասկածյալներից մի քանիսը կամայականորեն դուրս բերվեն նախաքննության շրջանակից, քրեական այս գործը կկորցնի իր լեգիտիմությունը: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Հրանտ Դինքի դեմ մահափորձը կանխելու գործում թերացած պաշտոնյաների մի խումբը պատժվում է, իսկ մեկ այլ խումբ` ոչ»:
Դինքի ընտանիքի փաստաբանի համոզմամբ, ի դեպ, Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը առանցքային մեղադրյալներին հարվածի տակից փորձում է դուրս բերել նախևառաջ քաղաքական նկատառումներից ելնելով: Կասկածյալներից մեկն օրինակ, որի իրավունքները նախաքննական մարմինն իբր ոտնահարել է՝ Էնգին Դինչը, սերտ կապեր ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հետ, պնդում էր Բաքըրջըօղլուն օրերս տարածած գրավոր հայտարարության մեջ: