Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խնդիրը. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, նշվում է, որ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին քննարկումները: Հանդիպման շրջանակում Ժան-Իվ Լը Դրիանը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ կարգավորելու հակամարտությունը բանակցային ճանապարհով:
Զրուցակիցները կանդրադառնան նաև հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերություններին, տարբեր՝ այդ թվում և հումանիտար, գիտության ու մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակությանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:
Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: