27.11.2024
Մնացականյան, Մամեդյարով, Լավրով հանդիպմանը միացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Ադրբեջանը կթույլատրեն կողմերի տարածքում կալանավորվածների հարազատների այցերը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:


Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ի զարգացումն մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկել են իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:


«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտությանկարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:


Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում», - ասված է հայտարարության մեջ: