26.11.2024
Փորձագետ. Փաշինյանը չի պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին տարածքները
prev Նախորդ նորություն

Ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր. ուղիղ հարց՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեզը:


Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում.


(Մենենդեզ)


«Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ եւ երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից»:


(Սաթերֆիլդ)


«Մենք անշուշտ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»:


(Մենենդեզ)


«Այսպիսով, դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է»:


(Սաթերֆիլդ)


«Այո՛»:


(Մենենդեզ)


«Եւ դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր...»


(Սաթերֆիլդ)


«Նախագահը հայտարարել է, դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, եւ ես միանում եմ այդ հայտարարությանը»:


(Մենենդեզ)


«Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն էր, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր»:


(Սաթերֆիլդ)


«Նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է»:


(Մենենդեզ)


«Ուստի, չեք ասելու ինձ, թե դա արդյոք ցեղասպանությո՞ւն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դաշնակից ուժերը առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ»:


(Սաթերֆիլդ)


«Ես պատմաբան եմ եւ լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններից»:


(Մենենդեզ)


«Ուստի, դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»:


(Սաթերֆիլդ)


«Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից»:


(Մենենդեզ)


«Սա դիվանագիտական պարի է նման: Մենք որպես պետություն չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը որպես միջկառավարական հաստատություն ճանաչել է՝ Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Եւ մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը»:


Լսումների ընթացքում սենատորներ Շահինի եւ Մենենդեզի պահանջով ապագա դեսպանն անդրադարձավ նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներին եւ ռուսաստանից Ս-400 հակաօդային համակարգերի գնման գործարքին: Ըստ Սաթերֆիլդի, Անկարայի կողմից ռուսական զենքի գնումներն անհեռատեսական քայլ է.


«Եթե Թուրքիան ձեռք բերի Ս-400 համակարգերը, նրանք այլեւս չեն կարող ձեռք բերել Ֆ-35 ամերիկյան մարտական ինքնաթիռները: Այլեւս չի լինելու Փեթրիոթ համակարգերի վաճառք, եթե նրանք գնեն Ս-400: Սա լինելու է ոչ իմաստուն քայլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով»: