25.11.2024
Ջաննի Բուքիքիոն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում փոփոխությունները նոր երանգներ են բերել ԼՂ կարգավորման պատկերացումների մեջ. վարչապետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարեւորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Այս մասին ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաեւ հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:


«Չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջեւ երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաեւ հանրությունների միջեւ, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի: Վերջես Երեւանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարեւորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների եւ ատելության լեզվով»,- ասաց նա:


Վարչապետը նշեց, որ հակամարտության 30 տարիների ընթացքում, կարծես, պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը եւ պիտի իրար օգնեինք հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:


«Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս` անձամբ, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է եւ ըստ էության, այն բանաձեւն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, եւ ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ հավատում է, որ ԵԽԽՎ աբմիոնը այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը պետք է փոխարինվի կառուցողական աշխատանքով: Բայց, ցավով արձանագրեց վարչապետը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաեւ պատերազմներ հրահրելու համար:


«Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրաձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե’ Հայաստանի, թե’ Լեռնային Ղարաբաղի, թե’ Ադրբեջանի համար: Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը»,- ասաց նա: