Հայաստանը զարգացնելու է իր հարաբերությունները ՌԴ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի հետ. Փաշինյան
Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում իրականացված հեղափոխությանը: Եվ բացառվում է, որ որևէ մեկը նման փաստ ներկայացնի: Այս մասին ԵԽԽՎ-ում ելույթից հետո, պատասխանելով պատվիրակների հարցերին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն անգամ, երբ նման հրապարակումներ եմ տեսնում կամ հայտարարություններ լսում, ես ասում եմ, որ սա մեզ համար ազգային արժանապատվության և ինձձ համար անձնական արժանապատվության խնդիր էր: Եվ կատարվածը ոչ թե գունավոր, այլ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր»,- ասաց նա:
Նրա խոսքով, Հայաստանը մտադիր է իր հարաբերությունները զարգացնել բոլոր գործընկերների հետ:
«ՀՀ-ն ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, մենք այս պահին նախագահում ենք ԵԱՏՄ-ում և ամեն ինչ անելու ենք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները այդ կազմակերպություններում: Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Նույն վերաբերում է նաև ԵՄ-ին՝ ԵՄ-ի հետ անցած ճանապարհը նպաստել է Հայաստանում ժողովրդավարացմանը և ժողովրդավարության կայացմանը»,- ասաց նա: