Արդարադատության փոխնախարարներին պաշտոնից ազատելը քաղաքական որոշում է. նախարար
Արդարադատության երկու փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանը պաշտոններից ազատվել են քաղաքական որոշման արդյունքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ այդ որոշում «ընդհանուր որոշման արդյունք է»՝ ձևական առումով նախարարը ներկայացնում է առաջարկությունը, վարչապետն այն ընդունում կամ չի ընդունում:
Զեյնալյանը նշեց, որ փոխնախարարների աշխատանքի հետ կապված խնդիր չի եղել, իրենք բավարարված են ու շատ գոհ նրանցից, ինչպես նաև բարձր են գնահատում նրանց կատարած աշխատանքը: Բայց.
«Դա քաղաքական թիմի որոշում է և քաղաքական թիմով աշխատելու որոշում է»,- ասաց նա:
Այս պահին նոր փոխնախարարների անունները Զեյնալյանը չհնչեցրեց՝ ասաց, որ դեռ կորոշեն:
Հիշեցնենք, մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Քրմոյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մայիսից, իսկ Հովհաննիսյանը՝ 2016-ի հոկտեմբերից:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, փոխնախարարները ազատվել են պաշտոնից, քանի որ ամանորին մեկնել են հանգստի արտերկիր, մինչդեռ Փաշինյանը հրահանգել էր կառավարության անդամներին երկրում մնալ տոն օրերին: