Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ՝ հավելելով, որ կգա ժամանակը և կարող է նաև փաստաթուղթ ներկայացնել։
«Քանի որ այս հարցը շատ ակտուալ է այսօր, և հասարակությունն ուզում է իմանալ սրա մասին և Անդրանիկ Քոչարյանը շատ հստակ դա ներկայացրեց՝ այո՛, այդպիսի փաստ տեղի ունեցել է, ես սրա մասին խոսել եմ նաև 2001 թվականին, բայց ներկայացնեմ, թե ինչպես է դա եղել՝ երբ, որ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար, Վազգեն Սարգսյանն ինձ ամառանոցում դուրս է հրավիրում, մենք նստած էինք իր ամառանոցում՝ կառավարական, և ներկայացրեց, որ այսպիսի տարբերակ կա, ներկայացվում է, և ասաց՝ «ես խնդրում եմ սրա մասին ոչ մեկին մի ասա, որ ես քեզ դա ասել եմ»։
1999 թվականի հուլիս ամսին, մինչև հոկտեմբերի 27-ը, մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը և այնտեղ այդ հարցը քննարկվում է, որից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը, ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է և կապահովի Հայաստանի զարգացումը։ Ինչին, բնական է, ես առարկություններ եմ ունեցել, ասել եմ, որ սա տարբերակ է... բայց մանրամասներին չեմ ուզում այսօր անդրադառնալ։ Հիմնականում սա է եղել։ Բացի դրանից ես նաև հոկտեմբերի 27-ից հետո մասնակցել եմ բանակցությունների, երբ որ կարելի է ասել դիակները դեռ չէին սառել, համանախագահները հանդիպել են իմ հետ և այդ տարբերակը ներկայացրել եմ։
Եղել են բանակցություններ, որտեղ նույնպես ես ասել եմ, որ «այս տարբերակը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը», որից հետո ևս մեկ անգամ հանդիպում է եղել համանախագահների հետ, որտեղ նույնպես ես դա բացառել եմ։ Մանրամասները ես հետագայում կներկայացնեմ՝ ինչպես է դա եղել, ինչ տարբերակ է առաջարկվել և ինչպես է դա ավարտվել», - ասել նա։
Հարցին՝ Հայասանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանական կողմի հետ՝ Հեյդար Ալիևի հետ, քննարկել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակ։ Նստել է բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել է, Հարությունյանը պատասխանել է․ «Ես ասում եմ՝ մենք գնացել ենք այդ բանակցությունների, որտեղ որ այդ տարբերակի մասին խոսք է գնացել և պաշտպանության նախարարն Ադրբեջանի դրա մասին ինձ ներկայացրել է։ Նորից եմ ասում՝ ես հիմա չեմ ուզում մանրամասնել, թե ինչ տարբերակ է եղել, ինչ առաջարկ է եղել, ես դրան կանդրադառնամ որոշ ժամանակ անց»։
Նա ասել է, որ հիմա դրա մասին չի խոսելու, ժամանակը կգա, «ես մանրամասները կներկայացնեմ, կարող է նաև փաստաթուղթ ներկայացնեմ»։
Որպես վարկած Հարությունյանը նաեւ կապել է այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Մեղրիի տարբերակի քննարկման հետ։ «Ուրեմն, որպես վարկած իհարկե, որպես վարկած սա պետք է ուսումնասիրվի և գալ եզրակացության, կան այստեղ հիմքեր», - ասել է նա՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանը դեմ էր այդ տարբերակին։ «Դեմիրճյանը դեմ էր, ինչի մասին խոսել է Դեմիրճյանի ընտանիքը։ Վազգեն Սարգսյանի դեմ լինելը կա նաև գրառում իր գրքում, որտեղ որ ինքը խոսում է Մեղրիի նշանակության մասին», - հայտնել է նա։