26.11.2024
Թուրքիան «Իսլամական պետության» դաշնակիցն է. Չեխիայի նախագահ
prev Նախորդ նորություն

Տոկաևը պաշտոնապես ստանձնել է Ղազախստանի նախագահի լիազորությունները (լուսանկարներ)

Նազարբայեւի հրաժարականից մեկ օր անց Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի լիազորությունները։


Դա տեղի է ունեցել Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում, նշում է nur.kz կայքը։ Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը:


Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:



Նա նշել է, որ Ղազախստանի Հանրապետությունն իր բոլոր նվաճումների և հաջողությունների, իր սրբազան անկախության համար պարտական է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ «Նազարբաևը ԽՍՀՄ ավերակների վրա ստեղծեց ու գլխավորեց նոր պետություն և, ի հեճուկս վատատեսական կանխատեսումների, այն հաջողության բերեց»,-ասել է նորանշանակ նախագահը:


Տոկաևից առաջ խորհրդարանի երկու պալատների առջև ելույթ էր ունեցել լիազորությունները վայր դրած Նուրսուլթան Նազարբաևը:



Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից:


«Նազարբաև կենտրոն»-ը գտնվում է Աստանայում և կատարում է միաժամանակ գրադարանի, պահոցի, թանգարանի, ինչպես նաև վերլուծական, կրթամշակութային և գիտահետազոտական կենտրոնի գործառույթներ:



Փաստացի, ինչպես նշում են փորձագետները, Նազարբաեւը մնում է մեծ քաղաքականությունում, քանի որ հանդիսանում է իշխող "Նուր Օտան" կուսակցության ղեկավարը եւ ցմահ ղեկավարելու է Անվտանգության խորհուրդը, որի լիազորությունները մինչ այդ բավականին ընդլայվել էին։