Հայաստանը պատրաստում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն․ Սաֆրաստյան
Ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փուլ է սկսվում։ Հայաստանը պատրաստում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն։
Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով՝ դրա համար Հայաստանի ղեկավարությանը բավական ժամանակ է պետք։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը՝ փորձագետը նշել է, որ համանախագահները միայն միջնորդներ են, իսկ վեջնական ձեւաչափն ու կարգավորումը կախված են կողմերի դիրքորոշումներից։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները միայն փաստի արձանագրում են, թե ինչ է տեղի ունեցել մինչեւ այժմ։ Ելնելով ղարաբաղյան հարցի քննարկման շուրջ գործընթացներից՝ կարելի է պնդել, որ մենք գտնվում ենք կարեւոր փուլում, վերիմաստավորման փուլում։ Պատրաստվում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն։
Այդ գործընթացը կարող է տեւել շատ երկար, եւ շատ ջանքեր կպահանջվեն, մանավանդ եթե Բաքուն շարունակի բանակցությունների նմանակման քաղաքականությունը»,- ընդգծել է նա։
Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ ապրիլյան պատերազմը շատ կարեւոր էր բանակցությունների հանդեպ մոտեցումների վերանայման տեսակետից։ «Պատերազմը ցույց տվեց, որ ձեւաչափը, որը կար այն ժամանակ, չէր կարող ապահովել անհրաժեշտ արդյունք, եւ այն կարող է փակուղի տանել բանակցային գործընթացում»,- ամփոփել է փորձագետը։
Առաջիկայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպման տեղն ու օրը դեռեւս հստակեցված չէ։ Սակայն հանդիպումից առաջ Հայաստանը հայտարարել է Արցախի բանակցային գործընթաց վերադառնալու կարեւորության, ինչպես նաեւ Մադրիդյան սկզբունքների հստակեցման պատրաստակամության մասին։