Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետեր` արձակելով 9 արկ:
Ադրբեջանն ակտիվացնում է ռազմական ճնշումն Արցախի դեմ՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ: Բաքուն ցանկանում է ցույց տալ առաջին հերթին Մինսկի խմբին, որ նա չի գնալու զիջումների ղարաբաղյան հարցում, ինքը հստակ սահմանել է ղարաբաղյան հարցի կարգավորման իր ալգորիթմն ու ողջունել Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որտեղ մադրիդյան սկզբունքների հիման վրա պահանջվում է հայկական կողմից 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին, այդ թվում՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է օրակարգում:
Ադրբեջանը ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո գնել է նոր զինատեսակներ, շարունակել ամրապնդել իր առաջնագիծը, կառուցելով ինժեներական կառույցներ, ինչպես նաև ամրապնդել իր դիրքերն անմիջապես ՀՀ-ի սահմանների շուրջ՝ Նախիջևանի պլացդարմում ու Տավուշի մարզի սահմանին տեղակայելով անվտանգության սահմանապահ զորքեր:
Ալիև-Փաշինյան հերթական հանդիպումից առաջ ՀՀ-ն հայտնվում է բավականին բարդ իրավիճակում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բանակցելու Արցախի փոխարեն, սակայն Իլհամ Ալիևն ու Մինսկի խումբը հստակ մեսիջ են հղել Երևանին ու Ստեփանակերտին, որ բանակցային Երևան-Բաքու ֆորմատն ենթակա չէ փոփոխության:
Այս պահին Փաշինյանին մնում է գնալ և չնայած իր կողմից արված հայտարարություններին՝ նստել բանակցելու Ալիևի հետ: Իսկ բանակցությունների տորբեդահարումը Բաքվին հնարավորություն կտա գործընթացի տապալման ողջ պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա և սկսել ռազմական գործողությունները:
ՀՀ-ին այս դիվանագիտական ցուգցվանգում մնում է մեկ բան. հրաժարվել մադրիդյան սկզբունքներից կշանակի ձեռնոց նետել թե՛ Բաքվին, թե՛ Մինսկի խմբին և միակ լուծումը բանակցությունների շարունակությունն է՝ պատերազմին պատրաստվելուն զուգահեռ:
ՀՀ-ն պետք է ժամանակ ձգի, դրան զուգահեռ գնելով նոր զինատեսակներ և զսպել Բաքվի հնարավոր ագրեսիան այդ նոր զինատեսակների ցուցադրությամբ: Ժամանակը պետք է աշխատի հօգուտ հայկական կողմի՝ Բաքվում պատերազմ սկսելու մասին որոշումն արդեն վաղուց կայացվել է, Ալիևը սպասում է ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների սրացմանն ու բանակցությունների տապալմանը Երևանի կողմից, որպեսզի ունենա քարթ-բլանշ ռազմական գործողությունների համար: