Կարեն Անդրեասյանը «նախանձում» է ներկայիս օմբուդսմենին
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «նախանձում» է ներկայիս պաշտպան Արման Թաթոյանին:
«Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշպանին, որ այսօր անելիք գրեթե չունի»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, Երևանի կենտրոնում երեկվանից բողոքի ակցիա է ընդդեմ օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման: Թեև ցուցարարները փորձում են խոչընդոտել, ապամոնտաժման գործընթացը մեծ թափով առաջ է գնում: Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հետ չի կանգնելու իր մտադորությունից՝ Երևանի կենտրոնին վերադարձնել նախկին կանաչ տեսքը: