25.11.2024
Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շանսեր չունի. Բուրջանաձե
prev Նախորդ նորություն

Հակամարտությունները նույնական չեն․ ՀՀ-ում Զուրաբիշվիլուն հիշեցրեցին ինքնորոշման մասին

Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո:


Նրա խոսքով, այդ փոխըմբռնման հիմքի վարա այսօր զարգանում և ամրապնդվում է «մեր երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը»։ «Այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումն իր ուրույն տեղն է գրավում Հայաստանի օրակարգում, և այդ մասին են վկայում ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց Սարգսյանը:


Նա արդյունավետ գնահատեց Վրաստանի նախագահի հետ բանակցությունները։ «ՀՀ-ն մշտապես շահագրգռված է տարածաշրջանում կայունության, անվտանգության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ»,- ասաց նա՝ նշելով, որ իր վրաց գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը․ «Իմ վրաց գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերն ու հակամարտությունները նույնական չեն»:


«Հետևաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը: Այնուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա», - ասաց նա:


Ըստ Արմեն Սարգսյանի՝ քննարկել են համատեղ ծրագրերի իրագործման ճանապարհները: «Կարևորեցինք նաև Հարավային Կովկասում լոգիստիկ, ենթակառուցվածքային, էներգետիկ ծրագրերի իրագործման նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովան նպատակով:


Չափազանց կարևորում ենք համագործակցությունը կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտում: Համոզված ենք, որ այդ ուղղություններով մեր գործադրած համատեղ ջանքերը կլինեն արդյունավետ»,- ասաց նա:


Ապա նախագահը հավելեց, որ իր համոզմամբ՝ վրաց գործընկերոջ հետ համատեղ ջանքերի արդյունքում կկարողանան առավել զարգացնել հայ-վրացական ավանդական հարաբերությունները: Իր ելույթի վերջում նախագահը նշեց, որ ընդունում է Վրաստանի նախագահի հրավերը՝ այցելել Վրաստան:


Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: