ՀՀ-ն պետք է Վրաստանին «ներքաշի» Հյուսիս-Հարավ միջանցքի մեջ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Հայաստան–Վրաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ Վրաստանն աստիճանաբար վերածվում է թուրք–ադրբեջանական տանդեմի ուղեծրում գտնվող, Աբխազիայի ու Հվ.Օսիայի խնդիրների պատճառով հակառուսական, վառ արևմտամետ՝ ԵՄ, ՆԱՏՕ ձգտող երկրի: ՀՀ-ի համար կարևոր է ակտիվացնել իր արտաքին քաղաքականության վրացական ուղղությունը, հատկապես բալանսավորել այդ երկրում թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան:
Վրաստանի համար նույնպես կարևոր է Հարավային Կովկասում պահպանել բալանսն, այդ թվում` տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, և ՀՀ-ն կարող է Վրաստանի համար դառնալ միջանցք դեպի Իրան, Պարսից ծոց:
Վրաստանը էներգետիկ-տրանսպորտային միջանցք է ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Արևելք-Արևմուտք ուղղության վրա ու Երևանը պետք է ներգրավի Թբիլիսիին Հյուսիս-Հարավ՝ ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի մեջ: Սակայն այդ ուղղությամբ արդեն այսօր պետք է ձեռնարկել լուրջ քայլեր: Հայ-վրացական հարաբերությունները կենացների մակարդակից պետք է անցնում կատարեն դեպի real politik: Տնտեսական բաղադրիչն հայ-վրացական հարաբերություններում պետք է դառնա առաջնահերթություն:
Վրաստանի ակտիվ ներգրավումը Դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում՝ ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին: ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝ դրանից բխող համապատասխան քայլերով:
Երևանը պետք է կարողանա համատեղի ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային կապերը, իսկ մյուս կողմից՝ զարգացնել երկկողմ կապերը ՆԱՏՕ ձգտող Վրաստանի համար: Դա լինելու է բավականին բարդ, սակայն ՀՀ-ի համար Վրաստանը կյանքի ճանապարհ է դեպի արտաքին աշխարհ, իսկ Վրաստանում հայ համայնքի պահպանումն ու ուժեղացումը գերխնդիր՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական լոբբինգի պայմաններում: