25.11.2024
Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա. Տոնոյանը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին
prev Նախորդ նորություն

Կայացել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը

Մարտի 12-ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի ութերորդ նիստը։


Քննարկմանը մասնակցել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Կառավարության առընթեր Միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ֊ի, «Հայատոմ» ՓԲԸ֊ի, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ինչպես նաև «Ռուսատոմ Սերվիս» ընկերության, «Ռոսէներգոատոմ Կոնցերն», «Տեխսնաբէքսպորտ» ընկերությունների ներկայացուցիչներ։


Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը, հայկական կողմը՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը։


Նիստի մասնակիցները քննարկեցին 2019 թ. գործողությունների ծրագիրը և մինչև 2021թ․ միջոցառումների ծրագիրը, Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում Հայաստամի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին Միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը։ Կողմերն քննարկեցին նաև օգտագործված միջուկային վառելիքի դուրս բերման և վերամշակման պիլոտային ծրագրի նախապատրաստման հարցը։


Նիստի մասնակիցները քննարկեցին նաև հումանիտար ոլորտում և ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը։ 2018թ․ դեկտեմբերին մեկնարկել է Ռոսատոմի քվոտաներով բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում սովորելու համար հայ ուսանողների ընտրությունը: 2019/20 ուսումնական տարվա համար հայ ուսանողներին հատկացվել է 4 քվոթա։ Այս տարի անցկացվել է Հայաստանի ավագ դպրոցականների միջև մաթեմատիկայի և ֆիզիկայի ամենամյա օլիմպիադայի եզրափակիչը, որի մրցանակակիրները արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:


Ատոմային էներգետիկայի բնագավառում կրթությունը հանրայնացման նպատակով Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են կրթական միջոցառումներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են «Ռոսատոմ» պետկորպորացիայի աջակցությամբ անցակցվող հումանիտար և միջազգային մշակութային նախագծերին։


Նիստի արդյունքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը Հայաստանում ատոմային էներգետիկայի հանրայնացման և հասարակական ընկալման ձևավորման ուղղությամբ։


Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է։ Այն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 30%-ը։ ՀԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կավարտվեն 2021թ․ վերջին, որի արդյունքում այն կհագեցվի ժամանակակից սարքավորումներով, իսկ անվտանգության աստիճանը կհասցվի միջազգային չափանիշներին։