Վարչապետի խոսնակը Մոսկվայում հանդիպել է Դմիտրի Պեսկովի հետ
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը նախօրեին հանդիպել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի:
Կարապետյանն ու Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:
Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: