Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ՀՀ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Եվրոպական խորհրդարան և հանդես կգա ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյովեն քաղաք, որը համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Վարչապետը կծանոթանա Լյովենի կրթական և գիտահետազոտական հաստատությունների՝ Կաթոլիկ համալսարանի, Հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի, «Առողջության կենտրոնի» գործունեությանը և ծրագրերին: Հայաստանի վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրերի ստորագրում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բրյուսելում նաև կհանդիպի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ: