27.11.2024
Դավիթ Բաբայանը կուսակցություն է ստեղծում
prev Նախորդ նորություն

Արցախի ոստիկանությունն արձագանքել է Սամվել Բաբայանին

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Սամվել Բաբայանի հաշվառման վայրի մասով:


«Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարված հարցումները և հարցի հանրային հնչեղությունը՝ հայտնում ենք, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր պատասխան, որում, մասնավորապես, նշվում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն լիազոր մարմինը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:

Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

Քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:

Ելնելով վերոգրյալից, Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար: Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում»,- ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, նախօրեին Սամվել Բաբայանը հայտարարեց, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից առանց իր իմացության: Նա պատրաստվում է դիմել դատարան: