Ինչպե՞ս կառուցել մետրոյի նոր կայարանն Աջափնյակում․ քաղաքապետարանի տարբերակները (ֆոտո)
Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում եւ հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչեւ Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչեւ Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ:
Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական թանկ հաճույք է, այս ընթացքում առաջարկ եղավ՝ կառուցել ավելի թեթեւ կոնստրուկցիայով կամուրջ՝ միայն հետիոտնի համար: Այսինքն, մետրոյի կայարանը վերջանալու էր թունելի մոտ, եւ ուղեւորները ճանապարհը մինչեւ Աջափնյակ շարունակելու էին ոտքով՝ լավագույն դեպքում, շարժասանդուղքի վրա (ինչպես, օրինակ, մեծ օդանավակայաններում):
Սա հարմար տարբերակ էր այնքանով, որ անհամեմատ փոքր ծախսի շնորհիվ հնարավոր կլիներ մետրոյի կայարան բացել ու ըստ էության, կատարել նախընտրական խոստումը:
Բայց քաղաքապետ Մարությանը դեմ էր այս գաղափարին, որովհետեւ դա կնշանակեր, որ զգալի ծախսերով հանդերձ, փաստորեն կկասեցվեր մետրոպոլիտենի զարգացումը այս ուղղության վրա: Քաղաքապետը իր թիմի հետ միասին գերադասեց գնալ ավելի դժվար ճանապարհով ու փորձել կառուցել կայարան Հրազդանի աջ ափին՝ հետագայում այն դեպի Դավթաշեն զարգացնելու հեռանկարով:
Սրա համար պետք կլինի շահագրգռել բիզնեսին՝ շինարարություն սկսելու այդ հատվածում եւ մասնակցելու մետրոյի շինարարությանը: Բացի դրանից, այս կայարանի կառուցումն ու հետագա զարգացման ռեալ հեռանկարը ավելի գրավիրչ կդարձնի թաղամասը կառուցապատողների համար ու միաժամանակ թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը»: