27.11.2024
Ցմահ դատապարտյալները կարող են գնալ բաց ռեժիմ և արձակուրդ. Զեյնալյան
prev Նախորդ նորություն

Տոնոյանի մեսիջները. հայ-ռուսական ռազմական կապերն ամրապնդվելու են

Հավաքական անվտանգության շրջանակներում ռուսական ներկայությունը Կովկասյան տարածաշրջանում զսպող գործոն է, որ խոչընդոտում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը եւ նպաստում տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։


Տոնոյանի այս հայտարարությունը կարևոր մեսիջ է: ՀՀ-ում այս հայտարարությունն ուղղված է այն շրջանակներին, ովքեր ամերիկյան, եվրոպական գրանտներ ստանալով փորձում են պայքարել ռուսական ռազմական ներկայության դեմ և հանդես են գալիս ՌԴ-ի ռազմաբազայի դուրս բերման օգտին՝ մերժելով հայ-ռուսական հարաբերությունների խորացումը:


Սա հստակ ապացույց է, որ ՀՀ-ի ռազմական էլիտան կողմ է ՀՀ-ՌԴ ռազմավարական կապերի խորացմանն ու Մոսկվա-Երևան տանդեմը տեսնում են, որպես ՀՀ-ի ազգային անվտանգության կարևորագույն տարրերից մեկը:


Երկրորդ մեսիջն ուղղված է տարածաշրջանին` Անկարային ու Բաքվին: Վերջիններիս ռուսական ներկայությունը Հայաստանում, այդ թվում ռուսական ռազմաբազան ու սահմանապահ ուժերը, զերծ են պահում ՀՀ-ի դեմ երկկողմ ռազմական ագրեսիա կիրառելուց:


Տոնոյանը նաև նշել է, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի անձնակազմը, որ տեղակայված է Հայաստանում, բազմիցս հաստատել է բարեխիղճ վերաբերմունքը իր առջեւ դրված խնդիրների կատարման հանդեպ եւ մարտական բարձր պատրաստականությունը։


Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ի ռազմական ղեկավարությունը հասկանում է, որ Թուրքիայի հետ սահմանի հսկողությունը կարելի է պահպանել միայն ՌԴ-ի հետ համատեղ, քանի որ Հայաստանը հիմնական ռազմական ուժերն ուղղում է հայ-ադրբեջանական սահման ու Արցախ: Դրանով ՀՀ-ն զերծ է մնում երկու ճակատով` Թուրքիա և Ադրբեջան, պատերազմելու վտանգից: ՌԴ 102-րդ ռազմաբազան ապահում է ՀՀ-ի զինված ուժերի թիկունքը:


«Մենք բարձր ենք գնահատում ռուս-հայկական հարաբերությունների որակապես նոր մակարդակը, ինչը լրացուցիչ խթան է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետագա ռազմավարական, դաշնակցային հարաբերուիթյունների համար՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների»,- ասել է Տոնոյանը։


ՀՀ-ն իր պաշտպանության նախարարի շուրթերով մեսիջ է ուղարկում Մոսկվային, որ հայ-ռուսական հարաբերությունների խորացումը բխում է Երևանի շահերից և երկկողմ ռազմավարական հարաբերություններին, հատկապես ռազմական ոլորտում, ոչինչ չի սպառնում:


ՌԴ-ՀՀ հարաբերությունների խորացումը բխում է Հայաստանի ու Արցախի կենսական շահերից: Ռուսաստանը մեր երկրի ազգային անվտանգության, հասարակության անվտանգության ու երկրի տարածքային ամբողջականության երաշխավորներից է. միջուկային գերտերության հետ ռազմավարական կապերն Երևանի պատասխանն է թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական հռետորաբանությանը: