25.11.2024
Մակրոնը Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը Ռուսաստանին կառուցողականության կոչ է արել
prev Նախորդ նորություն

Ամերիկան իրավունք չունի թելադրել ՀՀ-ին՝ մարդասիրական խումբ չուղարկել Սիրիա․ Սասունյան

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունայնը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Վերջերս ԱՄՆ կառավարությունը մի նոր ու ավելորդ վեճ ստեղծեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ:


Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Սիրիա ուղարկել 83-հոգանոց բժիշկների, ականազերծողների եւ այլ մասնագետների մարդասիրական խումբ՝ Հալեպի կարեւոր, սակայն նոսրացող հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախկինում Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված չորս օդանավ էր ուղարկել սիրիացի ժողովրդին։


Փետրվարի 8-ին ռուսական բեռնատար ինքնաթիռը հայկական խմբին տեղափոխեց Հալեպ։ Ակնհայտորեն, Ռուսաստանի կողմից այս փոքրիկ դերը բավական էր, որպեսզի առաջ բերեր սառը պատերազմի կողմնակիցների զայրույթը Վաշինգտոնում։ Փետրվարի 13-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ քննադատելով հայկական մարդասիրական խմբի գործուղումը Սիրիա։


«Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ որեւէ ներգրավվածություն, անկախ այն բանից, թե այդ քաղաքացիական անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով է, թե ռազմական ուղղվածության: Մենք չենք պաշտպանում նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ համագործակցություն այս առաքելության նպատակով», հայտարարել է Պետդեպարտամենտը։


Այս հայտարարությունը հակադրություն ստեղծեց ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաեւ Հայաստանի բնակչության հետ, որոնց Միացյալ Նահանգները վերջին տարիներին փորձում էր իր կողմը գրավել։ Ավելի կարեւոր է՝ այս սադրիչ հայտարարությունը զայրացրեց ամերիկահայ խոշոր համայնքին։


Հայկական խմբի ներգրավվածությունը Սիրիայում հիմնված էր մի քանի գործոնների վրա.


1) Սիրիայի արաբները կարեւոր դեր են խաղացել՝ փրկության ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանությունից կենդանի մնացածներին, այդ թվում՝ տողերիս հեղինակի նախնիներին։ Շատ տեղին է, որ Հայաստանի կառավարությունը եւ համայն հայությունը փոխադարձեն Սիրիայի բարյացակամությանը՝ օգնության հասնելով տեղի կարիքավոր հայերին եւ ընդհանրապես սիրիացիներին։


2) Հայաստանի կառավարությունը մարդասիրական խումբը ուղարկել է Հայաստանի եւ Սիրիայի կողմից 2001 թ. ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա: Հետեւաբար, այս գործողությունը ոչ միայն մարդասիրական բնույթ է կրում, այլեւ համապատասխանում է միջազգային իրավունքի պահանջներին:


3) Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն իր ռազմաօդային ուժերը եւ զինվորներին Սիրիա է ուղարկել առանց Սիրիայի կառավարության համաձայնության, դրանով իսկ խախտելով բոլոր համապատասխան միջազգային օրենքները։ Այս անօրինական գործողությունը կատարել է ոչ թե Հայաստանը, այլ Միացյալ Նահանգները:


4) Թրամփի վարչակազմը եւ հատկապես ազգային անվտանգության հարցերով ռազմատենչ խորհրդական Ջոն Բոլթոնը ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից եւ ավելի մոտեցնել ամերիկյան ազդեցության ոլորտին։ Ցավոք, Սիրիայում իր հայրենակիցներին ուղարկված Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության քննադատությունը սեր չի ներշնչում հայերին Միացյալ Նահանգների նկատմամբ ։ Ընդհակառակը, դա թշնամացնում է համայն հայությանը։ ԱՄՆ դիրքորոշումը պարզապես արտացոլում է Թրամփի պաշտոնյաների թերի գիտելիքները Մերձավոր Արեւելքի իրողությունների վերաբերյալ։ Անիմաստ է փորձել ստիպել Հայաստանին դադարեցնել մարդասիրական խմբի ուղարկումը Սիրիա, շատ լավ գիտակցելով, որ նման ճնշումը մերժվելու է՝ ստիպելով ամերիկյան կառավարությունը երեւալ թույլ եւ անկարող։ ԱՄՆ պաշտոնյաները պետք է իմաստություն ունենան հասկանալու, թե երբ պետք է իրենց ազդեցությունը գործադրեն, երբ՝ոչ։ Տվյալ դեպքում, Հայաստանի վրա ճնշման գործադրումը հակառակ ազդեցությունն ունեցավ. դա ծառայեց միայն Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը։ Բարեբախտաբար, նման փոքր հարցը չի կարող վնաս հասցնել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններին։ Հայերը հասկանում են, որ ԱՄՆ-ի դժգոհությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին եւ Իրանին, քան Հայաստանին: ԱՄՆ կառավարությունը քաջատեղյակ է, որ հայկական զորքերը մասնակցել են միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Կոսովոն եւ Լիբանանը:


5) Միացյալ Նահանգների կառավարությունը կորցրել է իր բարոյական հեղինակությունը՝ դասախոսություն կարդալու հայ ժողովրդին ցանկացած թեմայի վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրար հաջորդող ԱՄՆ նախագահները հրաժարվել են արտասանել Հայոց ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի բռնապետական վարչակարգի ճնշումների տակ:


Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը արձագանքեց Պետդեպարտամենտի հայտարարությանը՝ նշելով, որ «սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ հետեւել է քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն եւ կարեկցանք է դրսեւորել քաղաքացիական բնակչության տառապանքների եւ երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն անփոխարինելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատեւման հարցում»:


Նաղդալյանը նաեւ հայտարարեց, որ Սիրիայում մարդասիրական առաքելության տեղակայումը նպատակ ունի աջակցել Հալեպի հայ համայնքին: «Սա բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական օրենքով եւ իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների եւ միջազգային գործընկերների հետ»:


Մեկ քայլ առաջ գնալով, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ մարդասիրական օգնությունը չի բացառում ապագայում մարտական զորքերի տեղակայման հնարավորությունը Սիրիայում: Սակայն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագորեն մերժեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ «մենք նման ծրագրեր չունենք»:


Ամերիկացիները, ռուսները եւ մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի