ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, հանձնաժողովի անդամներ Արմեն Փամբուխչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Եղիազարյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 19-ին հրավիրված մամլո ասուլիսում մանրամասներ են հայտնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ կայացած քննարկումներից: Պատվիրակությունը Հայաստանում էր փետրվարի 13-15-ը՝ Միքայել Մելքումյանի հրավերով:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ռուս գործընկերների հետ քննարկվել են ինչպես Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, մի քանիսի վերաբերյալ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ:
Գործընկերները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի կիրառման արգելքը հանելուն առնչվող հարցեր: Հանձնաժողովի անդամները հստակեցրել են, որ խնդիրը վերաբերում է աշխատելու նպատակով վարորդական իրավունքին եւ նշել, որ առաջիկայում ՌԴ-ում նախատեսվում է կատարել օրենսդրական փոփոխություն՝ հանելու առկա սահմանափակումը: Թե երբ կլինի օրենսդրական փոփոխությունը, հանձնաժողովի նախագահը դժվարացավ հստակ ժամկետներ նշել: Ըստ հանձնաժողովի անդամների՝ ՌԴ-ում աշխատող հայ վարորդների վարորդական իրավունքի հարցը կարելի է լուծված համարել:
Քննարկվել են նաեւ ՌԴ-ից որոշ հայ միգրանտների արտաքսմանը, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող՝ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի կրճատմանը, այլընտրանքային ճանապարհներ ունենալուն առնչվող հարցեր:
Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցության օգտակարությանը՝ Միքայել Մելքումյանը նշել է, որ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության ծավալները վերջին երկու տարիներին կտրուկ աճել են, ինչը չի կարելի ասել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների մասով: Նա հստակեցրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները հասել են շուրջ 1 մլրդ 920 մլն դոլարի, Բելառուսի հետ՝ 30, Ղազախստանի հետ՝ 17, իսկ Ղրղզստանի հետ՝ 1 միլիոն դոլարի: Հանձնաժողովի նախագահը համոզված է՝ լավ արդյունքներ չեն լինի այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չունենա լավ մուտքային եւ ելքային ճանապարհներ:
Միքայել Մելքումյանը նշել է, որ հանձնաժողովը նպատակ ունի իր իրավասությունների շրջանակում աջակցել, որպեսզի ԵԱՏՄ-ն անդամ բոլոր երկրների համար դառնա հավասար հնարավորություններով միասնական շուկա:
Հանձնաժողովն աշխատելու է ձեւավորած օրակարգին համապատասխան, տարեկան երկու անգամ հանդիպելով նաեւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի գործընկերների հետ: