ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու և Երևան
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու և Երևան՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը:
«Ես պատրաստվում եմ այցելել Բաքու և Երևան մարտի առաջին կեսին՝ այս հարցերը քննարկելու համար (ԼՂ հակամարտության - խմբ.): Ես հրավեր ունեմ Հայաստանից և Ադրբեջանից», - ասել է նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Սլովակիան ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին հակամարտության կարգավորման հարցում:
Լայչակը նաև նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվել է նոր իրավիճակ, կա կառավարություն, որն ունի վստահության ուժեղ մանդատ և այս իմաստով առկա են որոշակի սպասումներ. «Մեր նպատակն է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին օգտագործել այս իրավիճակը»,- նշել է նա: