Իրանը հավասարակշռված դիրքորոշում ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. դեսպան
Իրանը գործնականում հավասարակշռված դիրքորոշում ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Նրա խոսքով, Իրանը խնդրի լուծումը տեսնում խաղաղ բանակցությունների տիրույթում: Դեսպանը նաև ասել է, որ Իրանի գործոնը կարևոր դերակատարում ունի.
«Իրանի դիրքորոշումն այս հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է»,- մանրամասնել է նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս կարելի է օգտագործել իրանահայերի ներուժը երկկողմ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման գործում, Արտաշես Թումանյանն ասել է, որ իրանահայ համայնքի զգալի մասն այդ երկրում ապրում է հազարամյակներով, նրանք Իրանի օրինապաշտ ու արժանապատիվ քաղաքացիներն են, ովքեր ունեն մեծ վաստակ տարբեր ոլորտներում՝ գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում:
«Հայ համայնքի անդամները լավագույն կերպով իրականացնում են մի կարեւոր առաքելություն եւս: Նրանք նվիրված են Հայաստան-Իրան կապերի ամրապնդման գործին ինչպես իրենց անձնական գործունեությամբ, այնպես էլ հայաստանցիների եւ իրանցիների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն աջակցելու առումով»,- ընդգծել է Իրանում ՀՀ դեսպանը: