Կարծում եմ, որ ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, քանի որ առաջին անգամ կարողացավ ազատորեն գործել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը․
«Դեմ քվեարկեցին, ոչ թե այն պատճառով, որ ծրագիրը վատն էր, այլ այն պատճառով, որ նրանք գործեցին որպես ընդդիմադիր, ազատորեն: Գուցե առաջին անգամ քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել եւ դեմ քվեարկել»,- մասնավորապես նշեց պատգամավորը՝ այսպիսով փաստացի ընդունելով, որ նախկինում ընդդիմությունը՝ այդ թվում Նիկոլ Փաշիննյանն ու իր ղեկավարած Ելք դաշինքն ԱԺ-ում ազատորեն չեն գործել:
Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը քաղաքական պայմանավորվածություն ձեռք չբերեց ԲՀԿ-ի հետ, չընդունեց վերջինիս առաջարկները, Լենա Նազարյանը պատասխանեց․ «Մենք բաց քաղաքականության կողմնակիցներ ենք։ Եթե ունի առաջարկներ, ապա նա հնարավորություն ունի նաեւ առաջիկայում գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ ներկայացնելու, ու եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ այդ փուլում կառավարությունը կներառի դրանք»:
Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչած քննադատություններին, նրանց հնչեցրած այն մտքին, թե կառավարությունն անհանդուրժող է ընդդիմության հանդեպ՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ բոլորը տեսան, որ վարչապետը համբերատար եւ մանրամասն պատասխանում էր հարցերին․
««Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչեցված քննադատությունից հիշում եմ «մուննաթ» բառը, որը բովանդակային արժեք չուներ, ես կուզենայի ավելի բովանդակային լինեին, այդ քննադատությունները մի փոքր սնանկ էին»,-ասաց Լենա Նազարյանը։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ կառավարության ծրագրի քննարկումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. իշխանական լրատվամիջոցները մեծ դեր ունեն այստեղ։
«Նիստից հետո կուսակցությունը լուրջ խոսքի ատելության հարձակման տակ է, որոշակի մեդիամանիպուլյացիների և կեղծ լուրերի հարձակման տակ է: Ցավոք, պետք է նշեմ, որ այստեղ իշխանական լրատվամիջոցները մեծ դեր ունեն», - ասաց նա:
Մարուքյանը չհամաձայնեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն դիտարկմանը, թե սա առաջին դեպքն էր, երբ ընդդիմությունը կարողացավ դեմ քվեարկել կառավարության ծրագրին՝ ակնարկելով, թե ճնշում չկար: «Ի՞նչ պետք է անեին՝ թևերներս կապելու էին չթողեի՞ն քվեարկեինք: Եթե դա են պրոգրես արձանագրել, ցավում եմ», - ասաց Մարուքյանը: